Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
«Կոչ ենք անում կառավարությանը եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ դիտարկել ադրբեջանական նոր հարձակումներին ամենաուժգին, համարժեք արձագանքը տալու միջոցները, այդ թվում՝ ադրբեջանցի առաջնորդների ունեցվածքի բռնագանձումն ու ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը», - ասված է փաստաթղթում։
Խորհրդարանը նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, ինչպես նաև բոլոր միջոցներով ցույց տալ Փարիզի աջակցությունը Երևանին՝ քննարկելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը։
Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չառարկեց բանաձևի ընդունմանը, սակայն նաև չհստակեցրեց՝ արդյո՞ք կառավարությունը կգնա պատժամիջոցների ճանապարհով: «Աշխարհում որևէ երկիր ավելին չի անում Հայաստանի աջակցելու համար», - հայտարարեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող նախագիծ Ֆրանսիայի Սենատում, կանանց ցույց Բաքվում ֆրանսիական դեսպանատան դիմաց
Մանրամասները տե՛ս այստեղ