Խաղաղության հաստատմանը խոչընդոտում են Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները. Միրզոյան

Տարածաշրջանում կայնության ու խաղաղության հաստատմանը շարունակում են խոչընդոտել Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները, այսօր, ընդունելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանն, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը բանագնացներին է ներկայացրել սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը:

Քննարկվել են նաև սահմանազատման ու սահմանային անվտանգության գործընթացների, տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման աշխատանքների զարգացումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ու նշանակության վերաբերյալ:

ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանն այսօր ընդունել են նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հյուրերի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ԱԺ լրատվականը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում