Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը:

Փաշինյանն ու Խովաևը, վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, քննարկել են Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Խգոր Խովաևին այսօր ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք ևս քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը՝ նշելով, որ «Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»:

Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: