Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է հօգուտ Իրանի լրտեսական գործունեություն ծավալած մի քանի կասկածյալների բացահայտելու և ձերբակալելու մասին:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, «օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում կասեցվել է Իրանի հատուկ ծառայությունների կազմակերպած հետախուզական վնասակար ակտիվությունը և բացահայտվել լրտեսական ցանցը»:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ լրտեսական գործունեություն է կատարել Կասպյան նավթային նավատորմի նավերից մեկի նավապետ Զահիր Ասկեֆրովը: Նա հավաքագրվել է Իրանի գաղտնի ծառայությունների կողմից և դրամական պարգևի դիմաց հայթայթել ու բջջային հեռախոսով փոխանցել է տեղեկություններ զորավարժությունների, ինչպես նաև նավահանգիստներ բերվող բեռների մասին:
Ձերբակալվել են նաև Էլնուր Ռասուլովը, Բախտիար Աղազադեն և Միրհաֆիզ Ջաֆարզադեն, ովքեր նույնպես փողի դիմաց կարևոր տեղեկություններ են փոխանցել իրանական կողմին:
Բոլոր ձերբակալվածներին Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274 հոդվածով ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք, խափանման միջոց է ընտրվել կալանքը: