Ինդոնեզիայում՝ Բալի կղզում «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովի գումարման կապակցությամբ անվտանգության խստագույն միջոցներ են ձեռնարկվել:
Բալի են արդեն ժամանել Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը և Սի Ծինպինը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այլ լիդերներ:
Բալիում բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում են ավելի քան 18 հազար զինծառայողներ և ոստիկաններ:
Մեծ քսանյակի գագաթնաժողովի օրակարգում համաշխարհային առողջապահության, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների թեմաներն են, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն նաև աշխարհքաղաքական զարգացումները, պարենի և կլիմայի հիմնախնդիրները:
Երկօրյա գագաթնաժողովը, որի կարգախոսն է՝ «Վերականգնվենք միասին, վերականգնվենք ավելի հզոր», վաղն է մեկնարկում: