Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին. ԱԺ նախագահ

Հայաստանը նվիրված է խաղաղության օրակարգին, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում:

«Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է», - անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիային՝ ասել է Ալեն Սիմոնյանը:

Սեպտեմբերյան մարտերից հետո հայկական կողմը պաշտոնապես հաղորդել է 207, Ադրբեջանը՝ 79 զոհվածների մասին: Ըստ հայկական պաշտոնական աղբյուրների՝ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կիլոմետր։

Ալեն Սիմոնյանը նիստում կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ: