Կռվախնձոր դարձած էքսկավատորը դեռ Ջրաշենի նախկին գյուղապետի փեսայի բակում է, չնայած դատաքննությունը մեկնարկել է

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սեփական էքսկավատորը դեռ նախկին գյուղապետի փեսայի բակում է, չնայած այն վերադարձնելու համայնքապետարանի պահանջն արդեն քննում է դատարանը։ Մեկ տարի առաջ Ջրաշենի արդեն նախկին գյուղապետն ու ավագանին պաշտոնից հեռանալուց առաջ սուբվենցիոն ծրագրով գյուղ բերված 85 հազար դոլարանոց էքսկավատորը մի գրչի հարվածով անհատույց նվիրել էին «Ջրաշենի արոտօգտագործողների» փաստացի չգործող կոոպերատիվին, որի ողջ ունեցվածքը նախկին գյուղապետ Վահան Ուռուսյանի ընտանիքի ձեռքին է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրաշեն գյուղում կռիվ է ընկել՝ էքսավատորի պատճառով. սուբվենցիայով գնած տեխնիկան նախկին գյուղապետի փեսայի բակում է

Առաջին դատական նիստին կոոպերատիվից որևէ մեկը չէր ներկայացել։ Անգամ հայցին գրավոր պատասխան չէին ուղարկել։ Դատավորն արձանագրեց ու նիստն սկսեց առանց պատասխանողի։ Համայնքապետարանի իրավաբան Նորայր Յարմալոյանն ասաց՝ նախորդ տարի խոշորացումից հետո Սպիտակի ավագանին չեղարկել է էքսկավատորը կոոպերատիվին նվիրելու Ջրաշենի արդեն հեռացած իշխանությունների որոշումը։ Դրանից հետո բանակցել են՝ համոզելու ետ տալ համայնքի տեխնիկան, բայց ապարդյուն։

«Ծանուցագրերը ստացվել են, ստորագրվել բոլոր անդամների կողմից, սակայն մինչ օրս էքսկավատորը չի վերադարձվել համայնքին: Իրենք պնդում եմ, որ այդ գույքը կոոպերատիվ է...», - ասաց նա:

Թանկարժեք էքսկավատորն, ըստ օրենքի, դեռ անցած տարի՝ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո պետք է դառնար միավորված Սպիտակ համայնքի սեփականությունը, միաժամանակ առնվազն 10 տարի մնար գյուղում՝ 3600 բնակիչներին ծառայեր, եկամուտները մտնեին տեղական բյուջե։ Բայց ձեռքբերման օրից մինչև այսօր գյուղացիները դրա օգուտը չեն տեսել։ Նախկին գյուղապետ Վահան Ուռուսյանի ընտանիքն է բիզնես անում։

Դատարանում Սպիտակի համայնքապետարանի իրավաբանը պարտավորվեց՝ առաջիկա երկու ամսում դատարան փաստեր կներկայացնի, որ անցած տարի համայնքի բյուջեի ու կառավարության սուբսիդիայի հաշվին գնված մեքենան համայնքի սեփականությունն է, և որ նախկին գյուղապետի ընտանիքն այն ապօրինի է տնօրինում։ Ընդ որում, սա Ջրաշենի 22 տարվա գյուղապետին նախկին ավագանու արած միակ լավությունը չէ։

Դեռ 2017-ին ավագանին դարձյալ անհատույց 19 անուն գյուղտեխնիկա է հատկացրել նույն կոոպերատիվին, որի անդամները դրա գործունեության մասին որևէ տեղեկություն չունեն։ Փաստաթղթերով կոոպերատիվի նախագահ հանդիսացող Գագիկ Ենգոյանն էլ վաղուց արդեն Ռուսաստանում է։

Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասում է՝ քննություն են սկսել, որոնում են ապօրինի սեփականացրած տրակտորները. «Մեր կողմից որոնողական աշխատանքներ են կատարվել նշված տրակտորները հայտնաբերելու համար, հայտնաբերվել են մի շարք տրակտորներ և այլ գույք, և դրանց հետ կապված այժմ կատարվում է քննության դրանց կոնկրետ ձեռքբերման իրավաչափությունը ստուգելու, պարզելու ուղղությամբ»:

Հայտնի չէ՝ իրավապահները գտե՞լ են արդյոք նախկին գյուղապետի փեսայի բակում կայանած մեքենաներն, այդ թվում՝ կռվախնձոր դարձած էքսկավատորը, բայց դրանցից որևէ մեկը արգելանքի տակ չէ։ Դեռ ամռանը տան տիկինը՝ Գայանեն ընդունել էր, որ մեքենան իրենցը չէ, միաժամանակ փաստել, որ այն իր տղան՝ նախկին գյուղապետի փեսան է վարում. «Տղաս ա քշում, բայց չգիտեմ՝ ումն ա», - ասել էր նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը բացահայտել է Ջրաշենի գյուղապետի գործունեության «հակաօրինական որոշ դրսևորումներ»

Ջրաշենը 22 տարի անընդմեջ ղեկավարած հանրապետական Վահան Ուռուսյանը, որի դեմ դեռ 2018-ից քննվող այլ քրեական գործեր կան, հրաժարվում է պատասխանել «Ազատության» հարցերին։ Նա, ըստ դատական տեղեկատվական համակարգի, իր պաշտոնավարման տասնամյակներին երկու անգամ դատապարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, ապօրինի որոշումներ կայացնելու և համայնքի գումարները յուրացնելու համար։ Եվս մեկ նմանատիպ գործ արդեն մեկ տարի քննում է դատարանը, բայց այս բոլոր տարիներին նա մեկ օր անգամ անազատության մեջ չի անցկացրել ու երբևէ չի զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։