Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները դրական է գնահատում, մասնավորապես Վաշինգտոնի կողմից Անկարային F-16 կործանիչների մատակարարման հնարավոր առաջընթացի տեսանկյունից։
2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան կործանիչների արտադրության ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 օդանավերը:
«Դրական նորություններ են ստացվում ԱՄՆ ընտրությունների հետ կապված: Հուսով եմ, որ հաջորդ ամիսը լի կլինի լավ նորություններով, և մենք F-16-ի [մատակարարման] հարցը կզարգացնենք շատ ավելի դրական ուղղությամբ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu պետական լրատվական գործակալությունը:
ԱՄՆ -ում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունների քվեների հաշվարկը դեռ շարունակվում է, մինչ այս պահը հայտնի տվյալների համաձայն՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունեն հանրապետականները, Սենատում դեմոկրատներն ու հանրապետականները դեռևս 49-ական մանդատ ունեն, սակայն ակնկալվում է, որ մյուս երկու տեղերը ևս բաժին կհասնեն նախագահ Ջո Բայդենի կուսակիցներին։
Հանրապետականների ամենամեծ պարտություններից մեկը Փենսիլվանիայի նահանգում էր, որտեղ սենատորական աթոռի համար պայքարում նախագահ Էրդողանի հետ սերտ Կապերով հայտնի, ազգությամբ թուրք հեռուստաաստղ Մեհմեթ Օզը դիրքերը զիջեց դեմոկրատ մրցակցին։ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող Օզի ընտրությանը դեմ էին նաև ամերիկահայերը՝ պնդելով, որ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող և թուրքական բանակում ծառայած գործիչը, հետևելով պաշտոնական Անկարայի դիրքորոշմանը, ժխտում է Հայոց ցեղասպանությունը և անելիք չունի այդ ցեղասպանությունը պաշտոնապես ընդունած ամերիկյան օրենսդիր մարմնում: