Ղազախստանը տարեկան 1․5 միլիոն տոննա նավթ կարտահանի Բաքու-Ջեյհան նավթատարով

2023 թվականից սկսած Ղազախստանը տարեկան 1․5 միլիոն տոննա նավթ կարտահանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է այդ երկրի վարչապետ Ալիխան Սմաիլովը։ Նրա խոսքով՝ ղազախական իշխանությունների գլխավոր նպատակը էներգակիրների արտահանման ուղիների դիվերսիֆիկացումն է։

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որի համաձայն հունվարի մեկից 1․5 միլիոն տոննա նավթ է արտահանվելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Այժմ աշխատում ենք այդ ծավալը մինչև 6-6․5 միլիոն տոննայի հասցնելու հնարավորության վրա», - հայտարարել է Ղազախստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ էներգակիրների արտահանման ուղիների դիվերսիֆիկացման նպատակով կրկնապատկվել է նավթատար երկաթուղային ցիստերների քանակը, ինչպես նաև հատուկ ճանապարհային քարտեզ է մշակվել։

«Նավթը տեղափոխվելու է Աքթաու նավահանգիստ, որտեղից տեղափոխվելում է Բաքու։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից բացի, մենք օգտագործելու ենք նաև Բաքու-Սուփսա և Բաքու-Բաթումի նավթատարերը», -նշել է Ղազախստանի վարչապետը։