Եթե Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահմանապահներ, ստեղծվի ապառազմականացված գոտի, ապա «մենք կիրականացնենք մեր ինքնապաշտպանությունը մեր զինված ուժերի միջոցով, որի իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ունենք», «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության օրակարգը Հայաստանի ու Ղարաբաղի հայերի խաղաղ ոչնչացումը չէ». ՓաշինյանՊաշտպանության բանակի մասին այսօր առաջինը հրապարակավ վարչապետ Փաշինյանը խոսեց՝ կառավարության նիստում տեղեկացնելով, թե տասն օր առաջ Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջը ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է և չունենալ։ Փաշինյանը չասաց, թե արդյոք Ալիևն ու Պուտինը ընդունել են իր առաջարկը, միայն նշեց, որ Արցախի իշխանությունների այդ առաջարակը մնում է ուժի մեջ։
Ղարաբաղի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հաստատեց, որ պատրաստ են Փաշինյանի ներկայացրած տարբերակին՝ եթե կատարվի նոյեմբերի 9-ի հայտարարության 3-րդ կետը, համաձայն որի Ղարաբաղում խաղաղապահ զորակազմ պետք է տեղակայվի շփման գծի ողջ երկայնքով։
«Հիմա ամբողջությամբ շփման գծով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, հաշվի առնելով քանակը և մնացած բոլոր տեխնիկական հնարավորությունները, չեն կարող տեղադրվել։ Եթե այդ կետը կատարվի և ամբողջ շփման գծով տեղադրվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, կարծում ենք, որ եթե այդ կետը ամբողջությամբ կատարվի, էդ դեպքում մենք միայն ունենալու ենք ինքնապաշտպանության ստորաբաժանումներ, որը մենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրավունք ունենք ունենալու», - ասաց Հարությունյանը։
«Դա լինելու է հերթական ցեղասպանության սկիզբը»
Արցախի ընդդիմությունը, մինչդեռ, դեմ է Պաշտպանական բանակի լուծարմանը։ Խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է, որ թույլ չեն տալու, քանի որ դա նշանակելու է նոր ցեղասպանություն. - «Ես չգիտեմ Ղարաբաղի իշխանությունները ինչ են փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց ես և մեր կուսակցությունը, իմ համախոհների հետ միասին, պայքարելու ենք նման որոշման դեմ և թույլ չենք տալու որևէ անձի կամ անձանց Ղարաբաղում Պաշտպանության բանակի աշխատանքը չեզոքացնել, լուծարել Պաշտպանության բանակը։ Դա լինելու է հերթական ցեղասպանության սկիզբը»։
Արձագանքելով վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Ալիևը մտադիր է Լաչինի միջանցքը փակելով արցախահայությանը ցեղասպանության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը պնդեց, որ եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը, ապա ռուս խաղաղապահները հատուկ գործողությունների կդիմեն։
Հարությունյանի խոսքով, Բաքուն արդեն մեկ տարի է շահարկում է այս հարցը՝ այդկերպ փորձելով հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու և Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը խոչընդոտելու համար։
Այս առումով, ըստ իշխող ուժի պատգամավորի, շատ կարևոր է Ռուսաստանի դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ հենց ռուս խաղաղապահներն են իրականացնում Լաչինի միջանցքի անվտանգության ապահովումը. - «Չենք բացառում, որ այդպիսի փորձեր լինելու են, բայց նաև համոզված ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը համապատասխան գործողությունների կդիմեն»։
Ղարաբաղում ապրողներն ամեն օր են ցեղասպանության վտանգի առջև կանգնած, Հայաստանի վարչապետին հակադարձում է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավարը։ Դավիթ Գալստյանը կարծում է, որ Փաշինյանն այդ մասին հայտարարելով, փորձում է վախ սերմանել ժողովրդի մեջ՝ այդկերպ ցանկանալով կյանքի կոչել խաղաղության պայմանագրի արևմտյան սցենարը և արդարացնել Արցախը հանձնելու իր մտադրությունը. - «Որպեսզի իր՝ հետագայում ընդունած որոշումները, այսպես կոչված արևմտյան տարբերակը խաղաղության ժողովրդին բացատրի, որ մենք Արցախը տվեցինք՝ Հայաստանը փրկելով»։
Մինչ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, նոյմեբերի 9 -ի եռակողմ հայտարարության կետերը չկատարելու շուրջ, ռուսական խաղաղապահ զորակազմը այսօր նշել է Արցախում տեղակայման երկրորդ տարին։ Զորակազմի Թելեգրամի էջում նշվում է, որ ռուս խաղաղապհների ներկայությունը հակամարտության գոտում ապահովել է իրավիճակի կայունությունն ու հրադադարի ռեժիմի պահպանումը, պայմաններ է ստեղծել խաղաղ կյանքի վերականգնման համար։
«Առանձին միջադեպերը և խախտումները տեղում կարգավորմում են կողմերի համատեղ ջանքերով», - ասված հայտարարության մեջ։