Իսրայելն ունի Իրանին հարվածներ հասցնելու կարողություն, սակայն եթե երկրի ղեկավարությունն այդ քայլը համարի անհրաժեշտություն, ապա դրան դիմելուց առաջ պարտավոր կլինի շատ մանրամասն այն քննարկել: Այդ մասին, ըստ The Jerusalem Post օրաթերթի, այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:
«Մենք ունենք նման հնարավորություն, կարողություն և հեռահար նպատակներ: Մենք պետք է պատրաստվենք նման հնարավորության, բայց մեզ պետք կլինի շատ զգույշ և համակողմանիորեն դա քննարկել նախքան գործողության անցնելը», - ասել է Գանցը:
Թերթը նշում է, որ «Լիկուդ» կուսակցության լիդեր, նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, նորից կգլխավորի կառավարությունը:
Այդ կուսակցությունից խորհրդարան ընտրված Ցախի Խանեգբին անցած շաբաթ չի բացառել, որ Նեթանյահուն կարող է ընդունել Իրանի միջուկային կենտրոններին հարվածներ հասցնելու որոշում այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները չկարողանա հաջողության հասնել իրանական միջուկային խնդրում և միջոցներ ձեռնարկել Թեհրանի դեմ:
Իսրայելը նախկինում էլ է քննարկել Իրանին հարվածելու տարբերակները:
«Վերջին անգամ Իսրայելի պաշտպանության բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության. երբ ես գլխավոր շտաբի պետն էի: Ի վերջո որոշվել է հարված չհասցնել, և այդ որոշումն ընդունել է այն ժամանակվա վարչապետը, ով, ինչպես ենթադրվում է, նորից կստանձնի այդ պաշտոնը», - նշել է Գանցը:
Նա չի հայտնել, թե կոնկրետ երբ է դա եղել: Ենթադրվում է, որ Իսրայելի ներկայիս պաշտպանության նախարարն առաջիկայում կազատի այդ պաշտոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքը. Նեթանյահուն հաղթել է