Զախարովա. «Մոսկվան չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից, դրանք կվարի՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները»

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արխիվ

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօր ասել է, թե Մոսկվան երբևէ չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից և դրանք կվարի՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները:

«Մենք նախկինի պես բաց ենք բանակցությունների համար: Մենք երբեք դրանցից չենք հրաժարվել և պատրաստ ենք դրանք վարել՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այս պահին են հաստատվում»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է պաշտոնական Բեռլինի քաղաքականությունը, հայտարարելով, որ Ուկրաինային բանակցությունների դրդելու փոխարեն, Գերմանիան զենք է մատակարարում այդ երկրին:

«Կիևի ռեժիմի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու փոխարեն, գերմանական կողմը՝ խախտելով հակամարտության գոտիներ մահացու զինատեսակներ ուղարկելու արգելքի մասին սեփական օրենքներն ու կանոնները, շարունակում է Կիևին տարատեսակ սպառազեն տրամադրել և դրանով խրախուսում է ցանկացած գնով շարունակել մարտական գործողությունները»,- հայտարարել է Մարիա Զախարովան: