Ռուսաստանաբնակ հայերը լքում են այդ երկիրը. «Ռոսստատ»

Ռուսաստան, մայրաքաղաք Մոսկվայի համայնապատկեր, արխիվ

Ռուսաստանաբնակ հայերը լքում են այդ երկիրը։ Սա են վկայում Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության՝ «Ռոսստատ»-ի հրապարակած վերջին տվյալները։

Դրանց համաձայն՝ 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի 40 666 քաղաքացի, Ռուսաստանը լքել է 56 հազար 332-ը։ Այսպիսով, ըստ ռուսաստանցի վիճակագիրների, այս տարվա առաջին ութ ամիսներին Ռուսաստանը լքել է այնտեղ բնակվող ավելի քան 15 հազար Հայաստանի քաղաքացի։

Ուշագրավ է, որ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է՝ գերազանցելով անգամ Ռուսաստան ներգաղթյալներ մատակարարող այնպիսի երկրների, ինչպիսին են Ուզբեկստանն ու Ղրղըզստանը։ «Ռոսստատ»-ի տվյալներով՝ 2022-ին Ռուսաստանից հեռացել են այնտեղ բնակվող ղրղըզներից 14 հազարը, ուզբեկներից՝13 հազար 700-ը։

Նույն զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը լքում են նաև ադրբեջանցիները, սակայն ոչ այն տեմպերով, ինչ հայերը։ Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին Ռուսաստան է մուտք գործել Ադրբեջանի 21 հազար քաղաքացի, Ռուսաստանը լքել է 27 հազարը։

Հետխորհրդային տարածքի միակ պետությունը, որտեղից աշխատանքային միգրանտները շարունակում են զանգվածաբար ժամանել Ռուսաստան, Տաջիկստանն է։ Հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, Ռուսաստան է ժամանել Տաջիկստանի ավելի քան 40 հազար բնակիչ։ «Ռոսստատ»-ի ներկայացրած տվյալների առավել մանրակրկիտ ուսումնասիրությունը, սակայն, վկայում է, որ անգամ Տաջիկստանի պարագայում ներգաղթի ծավալները զգալիորեն նվազել են. 2021-ին նույն ժամանակահատվածում աշխատանք հայթայթելու նպատակով Ռուսաստան մեկնած տաջիկների թիվը գերազանցում էր 49 հազարը։

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարից սեպտեմբեր Ռուսաստանի տարածք է մուտք գործել 444 հազար ներգաղթյալ, երկիրը լքել է 506 հազարը։

Ռուսաստանցի փորձագետների համոզմամբ՝ աշխատանքային միգրանտների զանգվածային արտագաղթի պատճառը փետրվարի 24-ին սկիզբ առած ռուս-ուկրաինական պատերազմն է։ «Անգամ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում նման ցուցանիշներ չէին արձանագրվում», - պնդում են վիճակագիրները՝ հիշեցնելով, որ 2020 և 2021 թվականներին Ռուսաստան ժամանող օտարերկրացիների թիվն այն լքողներից ավելի էր շուրջ 300 հազարով։

«Ռոսստատ»-ի զեկույցում հաշվի չեն առնվել հետխորհրդային հանրապետություններից Ռուսաստան տեղափոխված և այդ երկրի քաղաքացիություն ստացած անձինք, որոնց մի զգալի մասը երկիրը լքեց արդեն սեպտեմբերին՝ զորահավաք հայտարարելուց հետո։