Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը խոշոր բանկերին, այդ թվում՝ JPMorgan-ին և Citigroup-ին, ոչ հրապարակավ խնդրել են չհրաժարվել «որոշ ռուսական ընկերությունների» հետ համագործակցությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան կառավարությունը մասնավորապես ակնարկել է շարունակել հիմնական ծառայությունները՝ դոլարով հաշվարկներ, փոխանցումներ, առևտրի ֆինանսավորում, այնպիսի ընկերություններին, ինչպիսին են «Գազպրոմ»-ը, «Ուրալկալի»-ն և «ՖոսԱգրո»-ն:
Գործակալության տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմն այդպիսով ցանկանում է նվազեցնել պատժամիջոցների բացասական ազդեցությունը և խուսափել «մոլորակի վրա համաշխարհային տնտեսական աղետից ու սովից»։
«Աշխարհի պարենային անվտանգությունը սերտ կապված է այդ գործարքների հետ։ Մենք շարունակում ենք պարզաբանել և հավաստիացնել բանկերին, գյուղատնտեսական ապրանքների առևտրով զբաղվողներին, որ պատժամիջոցների ռեժիմն իրենց վրա չի տարածվի», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ'Բրայենը:
Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո խոշորագույն անդրազգային բանկերը սկսեցին կրճատել իրենց գործունեությունը Ռուսաստանում և հրաժարվել ռուս հաճախորդների հետ բիզնեսից։