ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Շարմ Էլ Շեյխում գումարված Կլիմայի 27-րդ համաժողովում ասել է, որ աշխարհն ընտրության առաջ է հայտնվել՝ կամ համագործակցել և նվազեցնել վնասակար արտանետումները, կամ գալիք սերունդներին դատապարտել կլիմայական աղետի:
Նա կառավարություններին կոչ է արել անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնել վատթարագույն կլիմայական աղետը կանխելու հնարավորությունը նույնիսկ այն պայմաններում, երբ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմն է, սղաճը և էներգակիրների գնաճը:
«Մարդկությունը պետք է ընտրի՝ կամ համագործակցել, կամ կործանվել: Սա պետք է լինի կամ կլիմայի համերաշխության համաձայնագիր, կամ հավաքական ինքնասպանության համաձայնագիր»,- նախազգւշացրել է Գուտերեշը:
Նրա համոզմամբ, հարուստ և աղքատ պետությունները պարտավոր են արագացնել անցումը հանածո վառելիքից դեպի «կանաչ» էներգետիկա, ապահովեն, որ աղքատ երկրներն էլ կարողանան կրճատել արտանետումները և զսպեն գլոբալ տաքացումը:
Նա կոչ է արել աշխարհում մինչև 2040 թվականը վերացնել արտանետումների առումով ամենավտանգավոր վառելիքի՝ ածխի կիրառումը, հորդորելով, որ Տնտեսական համագործակցուըթյան և զարգացման կազմակերպության երկրները դա անեն մինչև 2030 թվականը: Այլապես, նրա խոսքով, աղետ է լինելու:
«Մենք հիմա ավտոճանապարհով սլանում ենք դեպի կլիմայի աղետ, ընդ որում մեր ոտքով սեղմել ենք գազի ոտնակը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: