Իրանն Ադրբեջանի քաղաքացուն է մեղադրում Շահ Չերաղի ահաբեկչությունը համակարգելու համար

Շահ Չերաղի դամբարան, ահաբեկչության հետևանքները, Շիրազ, 26 հոկտեմբերի, 2022թ.

Իրանի իրավապահները հայտնել են, որ հոկտեմբերի 26-ին Շիրազում՝ Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչական գրոհը համակարգել է Ադրբեջանի քաղաքացին, ով Հեյդար Ալիևի անվան օդակայանից է մեկնել Թեհրան՝ Իմամ Հոմեյնիի անվան օդակայան:

Ըստ Իրանի իրավապահների, «այդ անձն անմիջապես կապվել է Ադրբեջանում համակարգող կառույցի հետ, ապա Աֆղանստանում գտնվող օպերատիվ կենտրոնակայանի միջոցով կապ է հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման հետ և զեկուցել է Թեհրանում իր գտնվելու մասին»:

Այս գործով ձերբակալվել է 26 մարդ: Նրանցից ոչ մեկն Իրանի քաղաքացի չէ, ձերբակալվածներն Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են:

Ահաբեկիչն, ով հոկտեմբերի 26-ին ներխուժել է Շահ Չերաղի դամբարան և կրակ բացել հավաքված հավատացյալների վրա, Տաջիկստանի քաղաքացի է, նրա մականունն է «Աբու Աիշա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինված հարձակում Իրանում․ զոհվել է առնվազն 15 մարդ

Շահ Չերաղը մզկիթ է և սրբավայր: Հոկտեմբերի 26-ին Շահ Չերաղում ահաբեկչական գրոհի զոհ է դարձել առնվազն 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ, մոտ երկու տասնյակ մարդ վիրավորվել է: Ահաբեկիչը փոխհրաձգության ընթացքում նույնպես վիրավորվել է և մահացել է հիվանդանոցում:

Այսպիսով, Իրանը, փաստորեն, առաջին անգամ Ադրբեջանի քաղաքացուն պաշտոնապես մեղադրում է այդ ահաբեկչության համար:

Օրեր առաջ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հայտնել է Ադրբեջանում ահաբեկչություն ծրագրելու մեղադրանքով իրանամետ մի խումբ մարդկանց ձերբակալելու մասին:

Պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքել Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչական գրոհի համակարգողի քաղաքացիության մասին Իրանի իրավապահների հայտարարությանը: