Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության նախընտրական հանդիպման ընթացքում երեկ ասել է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակը կթուլացնի դեմոկրատիայի հիմքերը երկրում:
Ավելի վաղ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր կուսակցության նախընտրական հավաքում հայտարարել է, թե Ամերիկան «հայտնվել է կոմունիստների ղեկավարության տակ»:
Վաղը Միացյալ Նահանգներում նախատեսված են միջանկյալ ընտրություններ: Պայքարն ընթանում է Կոնգրեսի Ներկայացուցիչների տան բոլոր 435 և 100-տեղանոց Սենատի 35 տեղերի համար:
Վերլուծաբանների համոզմամբ՝ հանրապետականներն, ամենայն հավանականությամբ, կկարողանան մեծամասնություն ապահովել Ներկայացուցիչների տանը: Եթե նրանք հսկողության տակ առնեն նաև Սենատը, դա կբարդացնի Սպիտակ տան դիրքերը Կոնգրեսի հետ հարաբերություններում և, մասնավորապես, ավելի դժվար կդարձնի նախագահ Բայդենի օրենսդրական նախաձեռնությունների հաստատումն օրենսդիր երկու պալատներում:
Վերջին հարցախույզի արդյունքների համաձայն՝ Ջո Բայդենի գործունեությանն այսօր հավանություն է տալիս ամերիկացիների մոտ 40 տոկոսը, ինչն ամենացածր ցուցանիշն է երկրի արդի պատմության ընթացքում: