The Washington Post. «Վաշինգտոնը Կիևին հորդորում է դրսևորել Մոսկվայի հետ բանակցելու պատրաստակամություն»

The Washington Post ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների վարչակազմն Ուկրաինայի ղեկավարներին հորդորում է դրսևորել Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում լույս տեսնող թերթը վկայակոչում է Սպիտակ տան անանուն պաշտոնյաներին:

Առաջարկի նպատակն է ոչ թե ստիպել Կիևին նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ապահովել աջակցությունն Ուկրաինային այն երկրներում, որտեղ քաղաքացիներին կարող է մտահոգել ընթացիկ պատերազմի երկար տարիների հեռանկարը:

Ըստ The Washington Post-ի, խոսքը ոչ միայն եվրոպական, այլև աֆրիկյան ու հարավամերիկյան երկրների մասին է, քանի որ այնտեղ առավել սուր են դրսևորվել այս պատերազմի մեկնարկից հետո ի հայտ եկած էներգետիկ և պարենային ճգնաժամերը:

Միաժամանակ ամերիկացի պաշտոնյաների կարծիքով, ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անլուրջ է վերաբերվում բանակցային գործընթացին:

Պարբերականի զրուցակիցները ենթադրում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է որոշակի զիջումների գնալ և սատարել բանակցությունների գաղափարը:

Ուկրաինական կողմը չի արձագանքել այդ խնդիրը մեկնաբանելու մասին ամերիկյան թերթի խնդրանքին:

Ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել են այս տարվա մայիսին: Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին Ստամբուլում:

Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ռուսաստանի հետ անհնարին է բանակցել, քանի դեռ այդ երկրի ղեկավարը նախագահ Պուտինն է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան Դաշնության կազմի մաս է հռչակել ուկրաինական չորս շրջանները:

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է բանակցել, պայմանով, որ զավթված տարածքների հարցը չլինի օրակարգում: