Հումորի և երգիծանքի թանգարան՝ Գյումրիում

Գյումրեցիների սրամիտ խոսքերով ցուցանակները տանում են Երգիծանքի ու հումորի նորաբաց թանգարան։ Սարգիս Ազարյանն է գաղափարի հեղինակը։ Էլ ինչ հումորի մայրաքաղաք, որ հումորի թանգարան չունենա, առավել ևս, երբ ժամանակին Լենինականն ունեցել է «Հումորի տուն»։

Ազարյանն իր անձնական հավաքածուն արկղերից հանել ու թանգարանային ցուցանմուշներ է դարձրել. «Մոտ 3 հազար կտորից ավելի նմուշներ ունեմ, որոնք ինձ նաև պարտավորեցնում են, որոհետև էդ նմուշների՝ արկղերի մեջ մնալը էգոիզմի նման մի բան է, բացի դրանից էլ ոնց որ մեղքի զգացողություն ունենաս, որ էդ ամեն ինչը հավաքել եք ու հանրությանը չի ցուցադրվում: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր գյումրեցի իր մեջ էդ հումորի կրողն է, երևի էդ կրողներից մեկն էլ ես եմ»:

Հումորային թերթեր, ծաղրանկարներ, տիկնիկներ ու արձանիկներ. սրանք են հիմնական ցուցանմուշները։ Առաջին շարքերում, իհարկե, Գյումրվա հումորային հայտնի կերպարներն են. «Պոլոզ Մուկուչի կերպարով տիկնիկը, Վարդանիկը՝ աշակերտի կորպարով և ընկեր Մարգոն՝ ուսուցչի կերպարով»:

Նաև խորհրդային երգիծական ֆիլմերի ու կրկեսի հայտնի դեմքերի տիկնիկներն են տեղ գտել ցուցադրություններում։ Ազարյանն իր հավաքածուից առանձնացնում է հատկապես խորհրդային շրջանի դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի նկարը։

19-րդ դարի դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ձեռագիրն էլ է տեղ գտել ցուցանմուշների մեջ. «Գաբրիել Սունդոկյանի «Պեպոն» է իր ձեռագրի կենտրոնական մասերում, ազատ էջերի վրա շտկումներ, մտորումներ, ուղղումներ է արել, իր ձեռագրով է»:

Հիմա թանգարանում «Պատերազմ ու խաղաղություն» խորագրով երգիծանկարների ցուցադրություն է՝ հայ և համաշխարհային նկարիչների աշխատանքներն են ներկայացված։

Նորաբաց թանգարանը դեռ շատ այցելուներ չունի։ Գյումրիի տուրիստական հայտնի երթուղիներից հեռու է և քչերը գիտեն թանգարանի մասին։ Ազարյանը նորաբաց թանգարանի տեղանքի ընտրության հարցում նաև հենց տուրիզմի զարգացման գաղափարն է դրել։

«Որոշեցինք, որ էս թաղը ինչ-որ մի ձև վերակենդանացնենք ու շատ լավ միտ է, որ հին փողոցները սկսեն աշխուժացնել մարդիկ, իմ նման անհատները», - ասաց Ազարյանը:

Թանգարանի ցուցադրությունները պարբերաբար կթարմացվեն։ Ազարյանն ասում է՝ բոլոր 3000 ցուցանմուշները միանգամից ցուցադրել հնարավոր չէ։

Your browser doesn’t support HTML5

Հումորի և երգիծանքի թանգարան՝ Գյումրիում