82-ամյա Բելոռա Խաչատրյանը 34 տարի է, սպասում է երկրաշարժին կորցրած 3 սենյականոց բնակարանի փոխհատուցմանը: Լսել է, որ վերջերս կառավարությունը երբեմնի աղետի գոտում տնակների ապամոնտաժման հերթական որոշումն է ընդունել։
Տարեց կինը համաձայն է, որ բնակարանի գնման վկայական տան, բայց ոչ թե տնակն ապամոնտաժելու պարտադիր պայմանի դիմաց, այլ որ իրավունք ստանա հենց իր տնակը քարաշեն տուն դարձնելու։
Փաշինյանի կառավարությունը իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց հաշվառել 88-ի երկրաշարժից հետո տեղադրված ժամանակավոր կացարանները՝ պարզելու, թե որքան գումար կպահանջվի խնդրի լուծման համար։ Հաշվեցին, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում ավելի քան 6000 տնակ կա։
Բայց չորս տարի շարունակ գործն առաջ չէր գնում, և միայն օրերս գործադիրը մի որոշում ընդունեց, որով մի քանի տարբերակ է առաջարկում տնակներում բնակվողներին՝ նրանց կացարանները քանդելու դիմաց։ Վերջնաժամկետ էլ կա՝ նախատեսված է խնդիրն ամբողջությամբ լուծել մինչև 2027 թվականը։
Ապամոնտաժման ենթակա տնակների գրեթե կեսը Գյումրիում է։ 2743 տնակների շարքում առաջնահերթ ապամոնտաժվելու են բնակիչ չունեցողները։ Դրանց թիվը մի քանի հարյուր է։ Հետո այն մարդկանց կացարանները, որոնք բնակարան են ստացել, բայց տնակը պահել են։ Այդ ընտանիքներին արդեն ծանուցումներ են ուղարկում։ Այս մարդիկ կես տարի ունեն տնակներն ինքնակամ քանդելու համար։
Հրաժարվելու դեպքում, Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի փոխանցմամբ, համայնքապետարանը գործի կանցնի. - «Վեց ամսից հետո համայնքը լիարժեք իրավունք ունի ապամոտնաժել տնակը»։
Այս փուլից հետո պարզ կդառնա, թե ժամանակավոր կացարաններում որքան ընտանիք կմնա, որոնց պետությունը պետք է փոխհատուցում տրամադրի։ Ժամանակին բնակարան ստացած, ապա վաճառած ու տնակ վերադարձած ընտանիքներին պետությունը ապամոնտաժելու պարտադիր պայմանի դիմաց առաջարկում է միայն 1 տարվա բնակարանի վարձի փոխհատուցում: Մեկ տարի անց պետությունն այլևս որևէ պարտավորություն չի ունենա նրանց նկատմամբ։
«Տալիս է մեկ տարի ժամկետով [ամիսը] վաթսուն հազար դրամ վարձ, և կնքելուց հետո անմիջապես, վաթսուն հազար դրամը տրամադրելուց հետո մեկ ամսում պարտավորվում է տնակը ապամոնտաժել», - նշեց Գրիգորյանը։
Զինա Բարաբանովան 17 տարի առաջ ամուսնու տնակ է հարս եկել։ Այս ընտանիքը դեռ 90-ականներին է վաճառել պետությունից ստացած բնակարանը։ Զինան պետության առաջարկած տարբերակի հետ համաձայն չէ. - «Ոչ մեկն էլ ընդունելի չէ։ Մենակ ընդունելին էն է, որ անձամբ բնակարան տան, մենք կազատենք»։
Բնակարան գնելու տարբերակ, ասում է, չունեն, ընտանիքի եկամուտը քիչ է. - «Մեր հայ թասիբով տղամարդու աշխատավարձը 80 հազար,100 հազար բանվորին, ի՞նչըղ ապրին, ի՞նչըղ տուն առնին»։
Փոխհատուցման ենթակա ընտանիքներին բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կտրամադրվի։ Թե որքան գումարով, իշխանությունը դեռ չի հստակեցնում. որոշման մեջ միայն նշված է, որ կադաստրային արժեքով են կողմնորոշվելու։
Սովորաբար ԲԳՎ-ի գումարը շուկայական արժեքից քիչ է։ Վկայագիրը վերցնելուց հետո ընտանիքը 1 ամիս ժամանակ կունանա տնակի ապամոնտաժման համար։ Արդյոք մարդիկ կարո՞ղ են հրաժարվել ԲԳՎ-ից։
«Հրաժարվելու դեպքում ևս պարտավորվում է մեկամսյա ժամկետում նույնպես տնակը... այսինքն՝ վերցնի ինքը ԲԳՎ-ն, գույքը ձեռք բերի, թե չէ, կամ ԲԳՎ-ն հետ տա, պետությունը համարում է, որ իր պարտքը արդեն կատարել է բնակչի նկատմամբ։ Եվ անկախ՝ կվերցնի թե չէ, ձեռք չբերի թե չէ, պարտավորվում է մեկամսյա ժամկետում ապամոնտաժել տնակը», - պարզաբանեց Գևորգ Գրիգորյանը։
Սա 88-ի երկրաշարժից հետո աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է: Իրականացված չորս ծրագրերով խնդիրը հիմնովին չի լուծվել. ավելի քան երեք տասնամյակ անց էլ մի շարք համայնքներում տնակային ավաններ կան։