Ռաիսին՝ Բայդենին. «Պարոն նախագահ, Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ»

Էբրահիմ Ռայիսին ելույթ է ունենում 1979 թվականին ԱՄՆ-ի դեսպանատան գրավման օրվա առթիվ, Թեհրան, 4 նոյեմբերի, 2022թ.

Արձագանքելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ Իրանը կազատագրվի, նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր ասել է, թե Իրանն ազատագրվել է 1979 թվականի իսլամական հեղափոխության շնորհիվ:

«Ժամեր առաջ տեղեկացա, որ Միացյալ Նահանգների նախագահը, հավանաբար, մոռացկոտության հետևանքով, մի բան է ասել, ասել է, թե կազատագրի Իրանը: Պարոն նախագահ, Իրանն ազատագրվել է 43 տարի առաջ և վճռական է ձեր պատանդն ու ձեր կթու կովն այլևս երբեք չդառնալու հարցում»,- ասել է Ռաիսին:

Նախօրեին Բայդենն ասել է, թե Իրանում բողոքի ակցիաների մասնակիցներն առաջիկայում կազատագրվեն:

Ամեն տարի նոյեմբերի 4-ին Իրանում պետական աջակցությամբ կազմակերպվում են ցույցեր, մարդիկ վանկարկում են «Մահ Ամերիկային» կարգախոսը և այրում են ամերիկյան դրոշները:

1979 թվականի նոյեմբերի 4-ին են մոլեռանդ հեղափոխականները գրավել Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը և 444 օր պատանդ պահել 52 ամերիկացի դիվանագետներին: