Libertad Digital պարբերականի փոխանցմամբ, Ֆրանսիայի հավաքականի նախկին աստղ Զինեդին Զիդանը (մականունը Զիզու) Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կստանձնի Ֆրանսիայի հավաքականի մարզչի պաշտոնը:
Զիդանը հաջողությամբ հանդես է եկել «Կաննի», «Բորդոյի», «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» կազմում:
Զիդանը 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2006 թվականին վաստակել է արծաթե մեդալը: 2000 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1996-ին բրոնզե մեդալն է ստացել:
Նա աշխատել է նաև որպես «Ռեալի» մարզիչ: Թիմը նրա ղեկավարության օրոք երկու անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, մեկ անգամ վաստակել է Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ ստացել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և մեկ անգամ հռչակվել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:
Ֆրանսիայի հավաքականի ներկայիս մարզիչ և Զինադի նախկին խաղընկեր Դիդիե Դեշամը կհեռանա հավաքականից՝ անկախ Քաթարի առաջնությունում ցուցաբերած արդյունքից: Ֆրանսիայի հավաքականի հետ նա պայմանագրի ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերին:
Ֆրանսիան աշխարհի ներկայիս չեմպիոնն է: Քաթարում առաջնությունը սկսվելու է նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: