Բրիտանիայում հրատարակվող The Times պարբերականը պնդում է, որ Ուկրաինայի վրա ռազմական հարձակում իրականացնելու գաղափարի ամենավճռական ջատագովներն են եղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Բորտնիկովը:
Ըստ The Times-ի, հենց նրանք են նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել սկսել «հատուկ ռազմական օպերացիան»:
Պարբերականը հրապարակել է մի հատված լրագրող Օուեն Մեթյուզի գրքից, որն առաջիկայում լույս կտեսնի: Լրագրողն իր գրքում վկայակոչում է ռուսաստանցի գործիչներին, ովքեր տեղեկացված են եղել Ուկրաինա ռուսական ներխուժման հանգամանքների վերաբերյալ:
Մեթյուզի համոզմամբ, Պատրուշևը, Բորտնիկովը և նման հայացքներ դավանողները պնդել են, թե «հարկ է Ուկրաինային հասցնել կանխարգելիչ հարված, ինչը կարևոր է Արևմուտքի հետզհետե աճող ռազմավարական սպառնալիքից Ռուսաստանը պաշտպանելու համար»:
Փետրվարի 24-ի հարձակումը նախապատրաստելու գործում Պատրուշևից, Բորտնիկովից և Պուտինից զատ, մեծ դեր է կատարել նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով, սակայն, հանդես է եկել ոչ թե իբրև «գաղափարախոս», այլ «կատարող»:
The Times-ը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Ռուսաստանի ղեկավարը հայտնվել է փաստացի մեկուսացման մեջ, քանի որ խիստ սահմանափակվել է նրա մոտ մուտք գործող և նրա հետ տարբեր կարևոր հարցեր քննարկող մարդկանց թիվը:
Արդյունքում մեծամասնություն են կազմել մարդիկ, ովքեր հավատացել են Ուկրաինայի վրա հարձակվելու անհրաժեշտությանը: Նրանցից մեկը համարվում է գործարար Յուրի Կովալչուկը:
Ուկրաինայի վրա հարձակվելու սկզբունքային որոշումը կայացվել է 2021 թվականի ամռան վերջին:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջ դրվել է պատերազմից խուսափելու համար Արևմուտքից հնարավորինս շատ զիջումներ կորզելու խնդիր: Ինքը Լավրովն, ըստ Օուեն Մեթյուզի, ցանկացել է խաղաղ եղանակով կարգավորել առճակատումը և համոզված է եղել, որ նույն դիրքորոշումն ունի նաև նախագահ Պուտինը:
Ռուսական կողմը ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնք Արևմուտքը վերջնագիր է անվանել և մերժել է: