Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի բանաձևի նախագիծը «Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների գործունեությունը» հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին։
Նախագիծը չի ստացել պահանջվող 9 ձայնը` ՄԱԿ ԱԽ անդամ 15 երկրներից։ Կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ դեմ, մյուս անդամ երկրները՝ ձեռնպահ։
ՄԱԿ-ում Ռուսաստանյան Դաշնության ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հիասթափված է քվեարկության արդյունքներից։
Ավելի վաղ Ռուսաստանը պաշտոնական բողոք էր հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված «Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեության» հետ, ինչպես նաև շրջանառության մեջ էր դրել բանաձևի նախագիծ, համաձայն որի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «որոշում է ստեղծել հանձնաժողով, որը բաղկացած է Անվտանգության խորհրդի բոլոր անդամներից՝ հետաքննելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանյան Դաշնության բողոքում ներկայացված պահանջները»։
Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե մասնավորապես «Ուկրաինայում Միացյալ Նահանգների գաղտնի լաբորատորիաները» կենսաբանական զենք են մշակում, ինչը Վաշինգտոնը և Կիևը կտրականապես հերքում են: