Անգլերեն լեզվի 2022 թվականի բառը՝ permacrisis

Միացյալ Թագավորություն - Պաստառ՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին պաշտոնանկ անելու պահանջով, Լոնդոն, արխիվ

Շոտլանդիայում Collins Dictionary բառարանը հրատարակող լեզվաբանների թիմն ամեն տարի ընտրում է շրջանառության մեջ մտած նոր բառերից ամենակարևորները:

Դրանք դիպուկ արտահայտում են տարվա հիմնական պատկերը, միտումը, բնութագրում այն, ինչը մեծ ազդեցություն է գործել մարդկանց կյանքի վրա:

Ու թեպետ բրիտանացի լեզվաբաններն այդ խնդիրները դիտում են նախևառաջ իրենց թագավորության անցուդարձի միջով, նորաստեղծ բառերը շնորհիվ անգլերենի համատարած կիրառման ակամա ընդունվում են մեծ թվով երկրներում, ընդ որում՝ ոչ միայն անգլալեզու:

2020-ի տարվա բառը «լոքդաունն» էր (lockdown), քանի որ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ այդ տարի սահմանափակվել էր միլիարդավոր մարդկանց ազատ տեղաշարժի և նույնիսկ բնակարաններից դուրս գալու իրավունքը:

2021-ի ամենատարածված նոր հասկացությունն էր «վաքսը» (vax), որը մարմնավորում է այն ամենն, ինչը կապված է վակցինաների հետ: «Պրովաքսեր» (pro-vaxxer)՝ պատվաստվելու գաղափարի աջակից, «անտիվաքսեր» (anti-vaxxer)՝ այդ գաղափարը կտրականապես մերժող անձ:

Վերջին տարիներին մեծ տարածում են ստացել և այլ լեզուներ անցել «բրեքզիթը» (brexit) և «ֆեյք նյուզը» (fake news):

Բնականաբար, այս տարվա նոր բառը պետք է ինչ-որ ձևով արտահայտեր հանրության հիմնական մտորումները:

Եվ ահա 2022 թվականի նոր բառերի տասնյակում առաջինն է permacrisis բառը: Այն ունի երկու արմատ՝ մշտական (permanent) և ճգնաժամ (crisis): Դրանց գումարումից էլ ի հայտ է եկել նոր բառը՝ permacrisis՝ «մշտաճգնաժամ»:

«Այս բառով կարելի է լավագույնս ամփոփել 2022 թվականը, քանի որ այն ցույց է տալիս, թե որքան հիրավի սարսափելի է այս տարին շատ մարդկանց համար», - ասել է Collins Learning հաստատության տնօրեն Ալեքս Բիքրոֆտը:

Եվ իսկապես, ի՛նչ ահավոր բաներ եղան այս տարի: 21-րդ դարում Եվրոպայում պատերազմ է, Ռուսաստանն ամեն օր հրթիռակոծում է Ուկրաինայի բնակավայրերը:

Դա հանգեցրել է համաշխարհային ճգնաժամի, տեսականորեն կարող է տեղի ունենալ Արևմուտքի և Ռուսաստանի ռազմական բախումը: Էներգակիրների և հիմնական սպառման արտադրանքի ու պարենի աննախադեպ գնաճ:

Հայաստանի պարագայում էլ տարին շատ բարդ է, մանավանդ հաշվի առնելով ագրեսիվ հարևանի կեցվածքը և գերտերությունների պայքարում ոտնատակ լինելու առնվազն տեսական վտանգը:

Collins-ի բառարանում նաև տեղ է գտել «փարթիգեյթ» (partygate) բառը: Այն ծնվել է, երբ Բրիտանիայում հանրությունը տեղեկացել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը խիստ լոքդաունի օրերին իր նստավայրում կազմակերպել է մասնավոր երեկոներ՝ փարթիներ, ու մի բոլ զվարճացել, մինչդեռ հենց այդ օրերին, ինչպես բրիտանական մամուլն է նշում, ոմանք տեղաշարժի խիստ արգելքի պատճառով չէին կարող նույնիսկ մահամերձ ծնողներին այցելել:

Տասնյակում կա ևս մեկ տխուր եզրույթ՝ «տաքության բանկ» (warm bank)՝ հանրային շենք, որտեղ ջեռուցումից զրկված մարդիկ կարող են ներս մտնել մի քիչ տաքանալ:

«Սպորտ-լվացում» (sportswashing)՝ այդպես են ասում, երբ որևէ երկիր կամ կազմակերպություն կազմակերպում է մարզական շքեղ միջոցառումներ և շեղում է հանրության ուշադրությունը հիմնարար ու ճակատագրական հարցերից:

Դրա վառ օրինակը Կատարն է, որը միլիարդներ է տրամադրել գերարդիական ստադիոններ կառուցելու և ֆուտբոլի այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու համար: Երկիր, որտեղ համատարած ոտնահարում են մարդու իրավունքները, որտեղ ստադիոնների կառուցման ընթացքում անտանելի, տառացիորեն անասնական պայմաններում են պահել և աշխատեցրել Ասիայից հրավիրված միգրանտ բանվորներին, որոնցից ավելի քան 6 հազարը զոհվել է:

Տասնյակում տեղ է գտել նաև մի զարմանալի եզրույցթ՝ quiet quitting: Սա կարելի է թարգմանել որպես «հանդարտ» կամ «լուռ» հեռացում: Այդպես են բնութագրում աշխատանքը նվազագույն չափով անելու և վայրկյան առաջ հիմնարկից դուրս ծլկելու ու անձնական հարցերով զբաղվելու ձգտումը, կամ հիմնարկում ֆիզիկապես ներկա լինելու, բայց գրեթե ոչինչ չանելու գործելակերպը: