Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները «հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի են ու ազնիվ», ՏԱՍՍ-ին ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ արձագանքելով հայկական արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի վերջին նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած հայտարարությունները պաշտոնական Երևանը հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային էր որակել:
Մինսկը, ընդգծելով, որ գագաթնաժողովին ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելել է, որ ՀՀ ղեկավարը բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տվել է իր գործընկերներին՝ պետությունների ղեկավարներին։
«Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը», - ասել է Գլազը։
Նա նաև շեշտել է, թե Ադրբեջանի և Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները երախտապարտ են Բելառուսի ղեկավարին՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար «խաղաղության և բարգավաճման անկեղծ ցանկության, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում նրա անձնական ներդրման համար»։
«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- «Արմենպրես»-ին ասել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար, և որ ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ն հակադրել Ադրբեջանին։