Դոլարի կտրուկ արժեզրկման հետևանքով հիմնականում արտահանմամբ զբաղվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջացած ճգնաժամն արդեն կես տարուց ավելի է՝ ոչ միայն չի կարգավորովում, այլև խորանում է։ Ոլորտի ներկայացուցիչները փաստում են՝ ստեղծված իրավիճակի պատճառով ընկերություններ են փակվում, ֆինանսական նոր մարտահրավերներ են առաջանում։
Տնտեսության համար ռազմավարական նշանակություն ու հարկային մեծ հոսքեր բերող համայնքում տարակուսած են՝ ինչի՞ է սպասում կառավարությունը, ինչո՞ւ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել անցած 7 ամիսների ընթացքում։
«Անհասկանալի է՝ ոնց ա ստացվում, որ իրենց համար մեկ է՝ ինչ վնասներ է կրում ոլորտը դրանից», - ասում է Ինստիգեյթ ընկերությունների խմբի ղեկավար Արման Պողոսյանը:
Դոլարով շահույթ ստացող ու արտահանմամբ զբաղվող ավելի քան մեկ տասնյակ ծրագրավորման, ռոբոտաշինության ընկերություններ համախմբող Ինստիգեյթի ղեկավարի խոսքով՝ որոշ ընկերություններ անգամ վարկեր են վերցրել, որ շարունակեն գործունեությունը,
ֆինանսական զգալի կորուստների պատճառով ստիպված են կրթության, գիտահետազոտական ոլորտներում ներդրումները նվազեցնել։
«Մենք իրականացնում ենք մոտավորապես 200 միլիոն դոլարի տարեկան ներդրումներ, որը խիստ տուժում է նրանից, որ մեր եկամուտները պակասում են: Մենք իրականացնում ենք թրեյնինգներ, մոտ երկու հազար հոգի մեր հաշվին այս վերջին 15 տարում մենք մտցրել ենք ոլորտ, այսինքն՝ եկել են ուրիշ մասնագիտության տեր մարդիկ, որոնք սովորել են IT ու մտել են IT ոլորտ: Ամեն պահի մոտավորապես 40 հոգի Ինստիգեյթ թրեյնինգ կենտրոններում տարբեր շրջաններում Հայաստանի մեր հաշվին սովորում են ու մտնում են ոլորտ: Դա նույնպես բավականին մեծ վնասներ է կրում», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին տարիներին IT ոլորտի միջազգային ու մեծ ընկերություններ են գալիս Գյումրի, բայց որակյալ կադրերի խնդիր կա
Թե դոլարի կտրուկ արժեզրկման պատճառով վերջին ամիսների ընթացքում քանի ՏՏ ընկերություն է փակվել, կամ ոլորտում որքան է կորուստը, պաշտոնական վիճակագրություն դեռ չկա։
Տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքում ակնկալում էին, որ կառավարությունն իրենց խնդրին ուշադրություն կդարձներ ու կփորձեր լուծումներ գտնել։ Ասում են՝ գործադիրում խնդրի միջանկյալ լուծումը գտել են՝ եկամտահարկի չափով սուբսիդավորում են նախատեսում, սակայն առաջարկն այդպես էլ իրականություն չի դառնում: Չգիտեն՝ ինչու։ Օրենսդրական նախագիծը մշակվել ու այդպես էլ մնացել է, տեղաշարժ չկա։
«Այս պայմանների շարունակական վատթարացումը տանում է շատ-շատ ընկերությունների կործանման: Այս մոտեցումը անընդունել է, այս անտարբերությունը՝ առավել ևս, և անհրաժեշտ է քայել ձեռնարկել, որպեսզի այս ամենը կանխվի», - շեշտեց ԼայմՏեխ ընկերությունից Գևորգ Սաֆարյանը:
«Կազմակերպությունները, որոնք տասնյակ տարիներ բնական միջավայրում զարգացել են և փորձել են ստեղծել համակարգեր, թիմեր, որոնք բարդ խնդիրներ են լուծում, կանգնած են քայքայման եզրին», - հավելեց ՎՕԼՕ ընկերությունը ներկայացնող Արմեն Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանից պատերազմի մեկնարկից ի վեր հեռացել է ՏՏ ոլորտի 170 հազար մասնագետԹե ինչու են հապաղում, ինչու ճգնաժամային իրավիճակում ոչ մի գործնական քայլ չի իրականացվում ավելի քան կես տարի անց, ոլորտը կարգավորող Էկոնոմիկայի նախարարությունից այսօր հրաժարվեցին պատասխանել՝ պատճառաբանությամբ, թե իրենց օրենսդրական առաջարկը դեռ փոփոխությունների պետք է ենթարկվի։
ՏՏ համայնքից այս տարվա 2-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում 39 ընկերություն է ընդգրկվել, դրանք ավելի քան 25 մլրդ դրամի հարկեր են պետբյուջե բերել։ Ոլորտում հարկերը կարող էին էլ ավելի լինել ու աճել, սակայն IT ընկերությունների ներկայացուցիչները կասկած չունեն՝ եթե պետությունը շարունակի նույն քաղաքականությունը, ապա դրանք ոչ միայն չեն ավելանա, այլև կնվազեն, իսկ դրա հետևանքով շատ ընկերություններ կփակվեն, բարձրորակ շատ մասնագետներ կհեռանան երկրից։