Իսրայելում ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը Նեթանյահուի «Լիկուդ»-ն է

Իսրայելի նախկին վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահու, 2-ը նոյեմբերի, 2022թ.

Իսրայելում նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը՝ ստանալով քվեների 23 տոկոսը։

«Լիկուդ»-ի գլխավոր մրցակից՝ կենտրոնամետ «Եշ Աթիդ» կուսակցությունը, որն առաջնորդում է կառավարության ներկայիս ղեկավար Յաիր Լապիդը, ստացել է ձայների մոտ 18 տոկոսը:

Կրոնական սիոնիստական «Սիոնութ Դատիտ» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 10,3 տոկոսը, մոտ 9 տոկոս հավաքել են «Մահանե Մամլահթիի» կենտրոնամետները, ծայրահեղ կրոնական «Շաս» քաղաքական կուսակցության օգտին էլ ձայն է տվել ընտրողների 8,5 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, միապալատ Քնեսեթի ընտրություններին մասնակցել են 40 կուսակցություններ, որոնցից 10-ը, ըստ նախնական արդյունքների, կանցնեն խորհրդարան։

Այսպիսով, քվեների հաշվարկի նախնական արդյունքներով աջակողմյան դաշինքը ստանում է 65 մանդատ, իսկ ձախ կենտրոնամետը՝ 50։ Այս պատկերն Իսրայելի նախկին երկարամյա վարչապետ Նեթանյահուին հնարավորություն է տալիս առանց դժվարության կառավարություն ձևավորել։

Երեկ տեղի ունեցած Քնեսեթի ընտրությունները հինգերորդն են վերջին երեքուկես տարվա ընթացքում։

Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ հունիսին, երբ 8 կուսակցություններից բաղկացած կոալիցիան չկարողացավ համաձայնության գալ սկզբունքային հարցի շուրջ՝ մի փաստաթղթի երկարաձգման, ըստ որի Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերն ապրում են Իսրայելի, այլ ոչ թե Պաղեստինի ինքնավարության օրենքներով։