Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ երեկ կառավարությունում գումարվել է Տնտեսական խորհրդի նիստ:
«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, վարչապետը հայտնել է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը տնտեսական աննախադեպ աճ է գրանցվել:
«Ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների և լարվածության պայմաններում մեր երկրում պահպանվում է բարձր աճ՝ ինն ամսում Վրաստանում 10.2 տոկոսի աճ է, սա աննախադեպ է ամբողջ Եվրոպայի համար», - ասել է Ղարիբաշվիլին:
Նրա փոխանցմամբ՝ արտահանումն աճել է 40 տոկոսով, եկամուտը հասել է 4 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Ղարիբաշվիլին նշել է, որ լավ ընթացք է զբոսաշրջության ոլորտում: Երկիր ժամանող հյուրերի թիվը հասել է կորոնավիրուսի համավարակին նախորդող տարվա՝ 2019 թվականի ցուցանիշին, ընդ որում եկամուտն ավելացել է: 2019-ին տուրիզմից ստացվել է 3 միլիարդ դոլար, իսկ 2022-ին՝ 4.5 միլիարդ:
Ղարիբաշվիլին չի նշել, որ տնտեսական աճը, զբոսաշրջիկների թվի ավելացումը, վրացական ավտոճանապարհների և երկաթուղային փոխադրումների, Փոթիի և Բաթումիի նավահանգիստների պահանջարկի 10 տոկոսի բարձրացումը կարող է ուղղակի կամ անուղղակի կապված լինել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման և Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի սահմանած խիստ պատժամիջոցների հետ:
Պատերազմը, կամ ինչպես Կրեմլն է որակում՝ «հատուկ ռազմական օպերացիան», մեկնարկել է փետրվարի 24-ին: Դրանից հետո՝ մարտից մինչև հոկտեմբեր, Վրաստան է ժամանել ավելի քան 112 հազար ռուսաստանցի, որոնց զգալի մասը՝ վճարունակ մարդիկ:
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն ավելացել է 250 տոկոսով: Իսկ երբ սեպտեմբերին Ռուսաստանում հայտարարվել է մասնակի զորակոչի մասին, այդ աճը հասել է 350 տոկոսի:
Ազգային տարադրամը՝ լարին, տարեսկզբից 30 տոկոսով արժևորվել է: Թբիլիսիում և Բաթումիում «էլիտար» նորակառույցների և միջին պահանջարկ ունեցող բնակարանների ու տների գինը կրկնապատկվել է:
Հանրային գրանցամատյանի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մոտ 23 հազար ռուսաստանցիներ անշարժ գույք ունեն: Միայն հունվարից հետո ռուսաստանցիներն ավելի քան 4 հազար բնակարան են գնել Թբիլիսիում և Բաթումիում:
Պատերազմի մեկնարկից հետո Վրաստանում գրանցվել է 6.5 հազար ռուսական ընկերություն: Անցած երեք տարում Վրաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների ավելի քան 70 տոկոսը ռուսաստանցիներ են:
Ինչպես «Ազատության» ռուսական ծառայությունն է նշում, Վրաստանի հարևան Հայաստանում էլ տնտեսությունը 7 տոկոսի աճ է գրանցել ռուսաստանցիների ներհոսքի և Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ավելացման արդյունքում:
Տնտեսական աճի գործում խթանիչ դեր է կատարել նաև Հայաստանում հաստատված ռուսաստանցիների կողմից տարատեսակ բիզնեսներ նախաձեռնելու ու հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընկերություններ ստեղծելու հանգամանքը: