Երբևէ եղած ամենամեծ բյուջեն. 2023-ին այն կկազմի ավելի քան 6.4 միլիարդ դոլար

Երբևէ եղած ամենամեծ բյուջեն. կառավարությունը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է ավելի քան 6.4 միլիարդ դոլար ծախսել։ Սա շուրջ մեկ միլիարդով գերազանցում է այս տարվա համար նախատեսված ծախսերը։

Ընդհանուր գումարի ամենամեծ մասը՝ ավելի քան 25 տոկոսը կուղղվի սոցիալական ծախսերին, կենսաթոշակների, տարբեր նպաստների ու այլ օժանդակությունների համար գործադիրը 2023 թվականին ավելի քան 1.6 միլիարդ դոլար կծախսի։

Երկրորդ տեղում Զինված ուժերի ֆինանսավորումն է։ Պաշտպանության ոլորտին կառավարությունը նախատեսում է ավելի քան մեկ միլիարդ դոլար հատկացնել։ Պաշտպանական ծախսերն այս տարվա համեմատ ամենաշատն են մեծանալու՝ շուրջ 430 միլիոն դոլարով։ Քանի որ պաշտպանական բյուջեի քննարկումները փակ են, պարզ չէ, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվելու այդ գումարները։

Բյուջե 2023-ի խորհրդարանական քննարկումները սկսվեցին այսօր։ Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը. «2023 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ, դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները, սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը նույնպես զգալի է լինելու՝ դրանք 2023 թվականին կկազմեն 648 միլիարդ դրամ, 10 տոկոսով կգերազանցեն 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը: Կրթության ոլորտում ծախսերը կկազմեն 209 միլիարդ դրամ, 12 տոկոսով դրանք կլինեն ավելին, քան 2020 թվականին ճշտված բյուջեով սահմանված կրթության ոլորտի ծախսերն են»:

Գալիք տարվա ընթացքում բյուջետային եկամուտները գործադիրի հաշվարկներով շուրջ 2.4 տրիլիոն դրամ կկազմեն, պակասուրդն էլ՝ գրեթե 300 միլիարդ դրամ։ Չնայած պակասուրդին՝ կառավարությունը հայտարարում է՝ արտաքին պարտքի ընդհանուր կշիռը նվազելու է՝ սա պայմանավորելով դրամի արժևորմամբ, արտարժույթով վերցված պարտքերը դրամային արտահայտությամբ ավելի փոքր գումար են կազմում, ուստի պարտքի ընդհանուր ծավալը կփոքրանա:

«Ինչո՞ւ, որովհետև մենք պարտքի կառուցվածքում, գիտեք, նախորդ տարեվերջին ունեցել ենք 70 տոկոս արտարժութային պարտքային միջոցներ, որոնք հիմա երբ որ վերահաշվարկվում են դրամային նոր փոխարժեքով, ընդհանուր պարտքի մեջ այս պահին կշիռը 63 տոկոսի սահմաններում է գտնվում, բերում է նրան, որ 2023-ին արդեն մենք կունենանք համախառն ներքին արդյունքի 50 տոկոսի շուրջ գտնվող պարտքի հիմնական ցուցանիշ», - նշեց Տիգրան Խաչատրյանը:

Տնտեսական աճը կանխատեսած 11 տոկոսից հավանաբար ավելին կլինի. նախարար

Ֆինանսների նախարարը հայտարարեց՝ այս տարվա ավարտին Հայաստանի տնտեսական աճն իրենց ավելի վաղ կանխատեսած 11 տոկոսից հավանաբար ավելին կլինի։ Կառավարությունը, ըստ էության, ընդունում է, որ այսչափ աճը հիմնականում արտաքին գործոններով էր պայմանավորված:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էսպիսի ցուցանիշները բնականոն գործընթացների արդյունքում երբեք չեն գրանցվում. տնտեսագետ

«Այս տարի մենք զգալի աճ ունենք դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանման տեսանկյունից, և սա շարունակում է մնալ այն հանգամանքը, որը ունի զգալի դրական ազդեցություն մեր ներկա տնտեսական ակտիվության վրա: Հայաստան ժամանած զբոսաշրջիկները կամ ժամանակավորապես Հայաստանում գտնվող մարդկանց քանակը զգալիորեն ավելացել է այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, և զուտ դրամական փոխանցումները նույնպես, նկատում ենք, որ զգալի աճ են արձանագրել ավելի քան կամ մոտ 50 տոկոսով, որը նորից եթե մենք 8 ամիսների կտրվածքով համեմատելու լինենք և հաշվի առնենք, որ դրանք շարունակում են ավելի բարձր տեմպերով աճել, ապա պետք է առանձնացնել որպես այս տարվա տնտեսական զարգացումների տեսանկյունից առավել կարևոր երրորդ գործոնը», - շեշտեց նա:

Արդեն 2023-ի համար կառավարությունն առնվազն 7 տոկոս աճ է կանխատեսում։ Նվազագույնն այդքան աճը իշխանության հնգամյա ծրագրի գլխավոր կետերից է։

Կենտրոնական բանկը, որն ավանդաբար ավելի պահպանողական է իր կանխատեսումներում, 4.5 տոկոսի մասին է խոսում։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսպես է բացատրում. «Այս տարվա աճն է բավականին բարձր եղել, ու կոմպենսացիոն մեխանիզմներ որոշակիորեն կաշխատեն»:

Գնաճը խիստ մտահոգիչ է. ԿԲ նախագահ

Գլխավոր դրամատան նախագահը խոսեց նաև աննախադեպ բարձր գնաճի մասին։ Վերջին տվյալներով՝ սննդամթերքի գները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 14 տոկոսով: Խիստ մտահոգիչ է, ասում է գների կայունության պատասխանատու կառույցի ղեկավարը. «Նվազում էինք, բայց եղան վերջին իրադարձությունները, երբ նոր հայտարարություններ եղան ռուսական կողմի կողմից այդ մոբիլիզացիայի արդյունքում, ու տեսանք բավականին նոր մարդկանց հոսք, որը, բնականաբար, ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա»:

Մինչ իշխանությունները քննարկումներ, վերլուծություններ են անում, հպարտանում են բարձր ցուցանիշներով, «Ազատության։ վերջին ամիսներին անցկացրած հարցումները ցույց են տալիս՝ քաղաքացիները տնտեսական աճը չեն զգում, ընդհակառակը՝ իրենց կյանքի որակը թանակցումների պատճառով ընկնում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում գնաճը շարունակվում է. քաղաքացիները դժգոհում են՝ մի կերպ են գոյատևում

Կառավարությունը նախատեսում է հունվարից բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից 75 հազար դրամ դարձնելով, տարվա երկրորդ կեսին սպասվում է նաև կենսաթոշակների բարձրացում, չափը, սակայն, դեռ հստակ չէ։