Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն այսօր քննարկել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները, զրուցել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ:
Փայլանը Սիմոնյանին է ներկայացրել իր տպավորություններն ու դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ նաև նշել, որ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա:
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ մարտին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացումից և նշել, որ քննարկվում են տեխնիկական բնույթի հարցեր: Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը չորս անգամ հանդիպել են։ Թեև վերջին հանդիպմանը կողմերը համաձայնել էին հայ-թուրքական սահմանը մասնակի բացել երրորդ երկրների քաղաքացիների համար ու սկսել ուղիղ օդային բեռնափոխադրումները, սակայն ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան չեն հայտնում, թե երբ կսկսեն իրագործել այդ պայմանավորվածությունները: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին:
ԱԺ նախագահն այսօրվա հանդիպմանը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում Փայլանի հայանպաստ և կարևոր գործունեությանը՝ շեշտելով՝ անչափ կարևոր է, որ ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։
Գարո Փայլանը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երեկ նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մտքեր փոխանակել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորին շաբաթ օրն էլ ընդունել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փայլանը Թուրքիայի մեջլիսին է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ