Մի շարք ոլորտների ներկայացուցիչներ էժան դոլարի պատճառով մեծ վնասներ են կրում

Մինչ իշխանությունները հայտարարում են, թե դոլարի նկատմամբ արժեվորված դրամը հնարավորություն է տալիս զսպել առանց այդ էլ բարձր գնաճը, մի շարք ոլորտների ներկայացուցիչներ ահազանգում են՝ էժան դոլարի պատճառով վերջին ամիսներին մեծ վնասներ են կրում։

«Փորձում ենք հարմարվել էդ օրվա կուրսի հետ, տենց ենք արտահանում, և էլի ա իջնում», - «Ազատությանն» ասում է գործարար Կարեն Խաչիկյանը։

Գարնանը սկսված դոլարի գահավիժումն օրերս հատեց 400 դրամի շեմը։ Որոշ բանկերում այժմ մեկ ամերիկյան դոլար կարելի է գնել 398 դրամով։ Տարեսկզբին մինչդեռ փոխարժեքը շուրջ 480 դրամ էր։ Դրամի այսչափ թանկացման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների կապիտալի ներհոսքն է Հայաստան։

Էժան դոլարը արտասահմանից տարբեր ապրանքներ ներկրողներին է ձեռնտու, ավելի քիչ են վճարում։ Մյուս կողմից, սակայն, արտասահմանից գումար ստացող քաղաքացիները, արտահանող ընկերությունները, այլ երկրների հետ աշխատող ձեռնարկությունները, որոնք հիմնականում IT ոլորտն են ներկայացնում, ընդհակառակը՝ տուժում են։ Դրսում վաճառած ապրանքի դիմաց քիչ գումար են ստանում։

«Էն ժամանակ դոլարը 500 դրամ էր, 1,1 դոլարով մենք կարում էինք արտահանենք մեր վրա 500 դրամ նստած օղին, հիմա 1,1 դոլարը արդեն 420 դրամ ա։ Այսինքն՝ եթե 500 դրամ ա մեր վրա նստած, մենք պետք է 1,35-ով արտահանենք», - նշում է Խաչիկյանը։

Նա արժեվորված դրամից ամենաշատը տուժած երկու ոլորտների ընկերություն է ներկայացնում, ալկոհոլային խմիչքներ է արտահանում և IT ընկերություն ղեկավարում։ Ասում է՝ շուրջ կես տարի է աշխատում են առանց շահույթի. - «Երբ որ ապրանքը արտահանվում ա, էդ օրվա դոլարի կուրսով արդեն հաշվարկային հաշիվներն արվում են, բայց երբ որ արդեն գումարը ուշացումով ներմուծողը այլ երկրում մեր ապրանքի փոխանցում ա կատարում տեղ հասնելուն պես՝ մեկ ամիս հետո, կամ քառասունհինգ օր հետո, իրականում ստացված գումարը չի համապատասխանում էն գումարին, որը մենք արդեն հայտարարագրել էինք»։

Դրամի կայունության ու գնաճի վերահսկման պատասխանատու Կենտրոնական բանկն անցնող ամիսների ընթացքում պարբերաբար հայտարարում էր՝ եթե միջամտեն փոխարժեքի շուկային ու փորձեն էժանացնել դրամը, թանկացումների էլ ավելի մեծ ռիսկեր կառաջանան։ Գլխավոր դրամատունը համոզված է՝ եթե դրամն այսչափ չարժեվորվեր, գնաճն ավելի բարձր կլիներ։ Հրապարակված վերջին տվյալներով, միայն սննդամթերքի գները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 14 տոկոսով։

«IT ոլորտը, գինեգործությունը և մի շարք արտահանման միտված ոլորտներ ունեն այս փոխարժեքի պայմաններում լուրջ ֆինանսական խնդիր։ Ստացվում է, որ նրանց եկամուտը նոտ 25 տոկոսով նվազել է, այն դեպքում, երբ նրանց արտահանման, արտադրության ծավալները այդքան չի աճել։ Նունիսկ, օրինակ, գինեգործության դեպքում մենք ունենք 12 տոկոս գինու արտադրության ծավալների նվազում։ IT ոլորտում 25 տոկոս փոխարժեքի նվազումը հարված է հասցնում հատկապես փոքր և միջին IT ընկերություններին, որոնց աշխատողների քանակը մինչև 30 է», - ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Սուրեն Պարսյան

Նրա գնահատմամբ՝ դրամի արժեվորման այս միտումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դեպի Հայաստան ռուսաստանցիների հոսքը չի դադարել. - «Իրավիճակը կարող է փոխվել միայն ռազմական գործողությունների կամ քաղաքական լարվածության հետևանքով, երբ որ Հայաստանից մեծ քանակությամբ գումար դուրս կգա։ Սովորաբար այդ պայմաններում նման խնդիր ենք ունենում։ Կամ մարդիկ իրենց խնայողությունները վերածում են դոլարի՝ արագ տեղափոխվելու համար»։

Տուժած ոլորտները աջակցության կարիք ունեն, շեշտում է տնտեսագետը, ուստի պետությունը նրանց օգնելու մեխանիզմներ պետք է ստեղծի. - «Կարճաժամկետում ակնհայտ է, որ պետությունը պետք է որոշակի սուբսիդիաներ, արտահանման վարկեր կամ որոշակի փոխհատուցման մեխանիզմներ նախատեսի արտահանողների համար։ Միաժամանակ նաև փոխարժեքի վրա ազդի։ Այս փոխարժեքը Հայաստանի տնտեսության համար ուղղակի աղետալի է։ Սա պետք է հասկանալ»։

Թանկ դրամի պատճառով արտահանողների ունեցած խնդիրների մասին պարբերաբար խոսում է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Երկու ամիս առաջ նա հայտարարել էր, որ գործիքներ են մշակում, արտահանողների «ցավերը մեղմելու և անհրաժեշտ թթվածին տալու համար»։ Վերջերս էլ տեղեկացրեց դեռևս քննարկվող մի նախագծի մասին, որով IT ընկերություններին արտոնություններ կտան՝ որոշակի ժամանակահատվածում վերդարձնելով նրանց վճարած եկամտահարկը։

Նախարարությունից խոստացան օրենսդրական նախաձեռնության մասին մանրամասներ ներկայացնել հաջորդ շաբաթվա ընթացքում։

Կես տարի առանց շահույթի աշխատող Կարեն Խաչիկյանը վերջերս հանդիպել է նախարարին, այդ զրույցից հետո հույս ունի, որ մինչև տարեվերջ ավելի հստակ քայլեր կտեսնեն։