«Հայաստանը որևէ իրական գործողություն չի ձեռնարկել ո՛չ երկաթուղու, ո՛չ ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ». Ասադով

«Հայաստանը մեկ տարի ինը ամիս որևէ իրական գործողություն չի ձեռնարկել ո՛չ երկաթուղու, ո՛չ ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ», - այս մասին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նիստին ներկա էր նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ եռակողմ հայտարարությունների մասին՝ Ասադովը պնդել է՝ ի տարբերություն Բաքվի Երևանը ստանձնած պարտավորությունները չի իրականացրել։

«Ըստ այս հայտարարության՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել՝ կգործի Լաչինի ճանապարհը, Ադրբեջանը երաշխավորում է դրա անվտանգությունը։ Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան և շարունակել, - «Միևնույն ժամանակ մենք հնարավորություն չունենք Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն մեկնել։ Ոչ միայն հնարավորություն չունենք, այլև չենք տեսնում, որ այս ուղղությամբ Հայաստանի տարածքում ինչ-որ գործողություն արվի»։

«Հայաստանը մեկ տարի ինը ամիս ոչ մի իրական գործողություն չի ձեռնարկել ո՛չ երկաթուղու, ո՛չ ավտոմոբիլային ճանապարհների ուղղությամբ», - հավելել է Ադրբեջանի վարչապետը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական կողմի հայտարարություններին՝ Ասադովը կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը՝ «Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»։

«Կան Ադրբեջանի՝ հայկական ծագման քաղաքացիներ, եթե նրանք ճանաչում են Ադրբեջանի քաղաքացիությունը, ինչպես մեր նախագահ Իլհամ Ալիևն է ասել՝ եթե նրանք ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, նրանք կունենան բոլոր այն իրավունքները, ինչպես Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մյուս ազգություններն ունեն», - հայտարարել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։