Կամավոր ատեստավորմանը գործընթացին այս տարի մասնակցել է ուսուցիչների մոտ 8 տոկոսը

Կամավոր ատեստավորմամբ աշխատավարձի բարձրացման հնարավորություն ունեցող շուրջ 30 հազար ուսուցիչներից այս տարի գործընթացին մասնակցել է մոտ 8 տոկոսը։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ նրանց ճնշող մեծամասնությունը խուսափել է այս ծրագրից։

Ի՞նչն է պատճառը, որ հայաստանցի ուսուցիչները չեն փորձում ավելի բարձր աշխատավարձ ստանալ։

Վայոց ձորի Հերհերի միջնակարգ դպրոցում հայերեն դասավանդող Աստղիկ Հակոբյանը դեռ անցած տարի էր մասնակցել ծրագրին, բարձր միավորներ էր հավաքել ու հավելավճարի արժանացել։ Մանկավարժի աշխավատարձն այժմ 190 հազար դրամ է նախկին 120-ի փոխարեն։

Հակոբյանի փորձը գործընկերներին չի ոգևորել։ Այս տարի Հերհերի դպրոցից ոչ մեկը չի դիմել։ Հայերենի ուսուցչուհին ասում է՝ մանկավարժներն այս գործընթացով իրենց գիտելիքները ստուգելը սխալ են համարում. - «Մեծ մասը հակված են մտածելու, որ կամավոր ատեստավորումը այդքան էլ ճիշտ ձև չէ ուսուցիչներին գնահատելու, ստուգելու, ուսուցիչներն էդպես են տրամադրված։ Մի խոսքով, մասնակիցներ չենք ունեցել»։

Ատեստավորման ցածր մասնակցությունն այսօր կառավարության նիստում քննարկվեց։ Կրթության նախարարն ասաց՝ քննությանը մասնակցած ուսուցիչների մեկ երրորդը չհավաքելով անհրաժեշտ միավորները՝ «կտրվել է», և միայն շուրջ 1100 մանկավարժ աշխատավարձի հավելավճար կստանա։ Որքան միավորը բարձր է, այնքան գումարն է մեծ. - «Այնտեղ մենք ունենք որոշակի տվյալ, որ ատեստավորումն անցած համարվում են, սակայն որևիցե ֆինանսական ավելացում չեն ունենա։ Դրանք այն ուսուցիչներն են, ովքեր չեն հաղթահարել 70 տոկոսի շեմը, սակայն հաղթահարել են 60 տոկոսի շեմը»։

Այս ծրագիրն առաջին անգամ իրականացվեց անցած տարի, պատասխանատուներն այն փորձնական էին կոչել, միայն մի քանի առարկաների ուսուցիչներ էին մասնակցում։ Այս տարի արդեն դիմելու հնարավորություն ունեին 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները։

Ատեստավորումն իրականացվում է քննական թեստերի միջոցով։ Մասնակցածներն այն կառուցվածքով նմանեցնում են դիմորդների միասնական քննություններին։

Եթե մանկավարժը 60 տոկոսից պակաս է հավաքում, չի անցնում ատեստավորումը։ Այս տարի բավարար բալեր չհավաքածները պետք է վերապատրաստվեն, հետո դարձյալ ատեստավորում հանձնեն, եթե այդ ժամանակ էլ «կտրվեն»՝ կզրկվեն դասավանդելու իրավունքից։

«Իմ շրջապատում բարձրաձայն ոչ ոք չի ասում իրական պատճառը։ Երևի յուրաքանչյուր ոք ինքն է իր մեջ ինչ-որ բան մտածում էս ամենի վերաբերյալ։ Մի մասը ասում են, որ սա սխալ ձև է, որ այսպես չի կարելի, այսպես ստրեսի են ենթարկում ուսուցիչներին և այլն», - ասում է Աստղիկ Հակոբյանը։

Կրթության նախարարությունը, չնայած ցածր դիմելիությանը, մասնակիցների քանակը բավարար է գնահատում։ Ուղիղ մեկ տարի առաջ, սակայն, նախարար Դումանյանն ավելի մեծ ակնկալիքներ ուներ. - «Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքում կստանա հավելավճար»։

ԿԳՄՍ նախարարության հանրակրության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն ասում է՝ պատճառները տարբեր են. կան ուսուցիչներ, որոնք դեռ ցանկանում են կողքից հետևել, գնահատել ռիսկերը. - «Կլինեն ուսուցիչներ, ովքեր կուզենան նախ տեսնեն, թե ինչպես ա անցնում գործընթացը, ինչ ռիսկեր կան։ Հիմնական պատճառը, կարծում եմ, նա է, որ նոր է և որոշ մտավախություններ կան»։

Պաշտոնյան չի թաքցնում, որ համակարգը կատարյալ չէ, թերություններ կան, իսկ բողոքների մեծ մասը թեստերի կառուցվածքին է վերաբերվում. - «Սա հնարավորություն է տալու մեզ, նաև բողոքարկման արդյունքները հաշվի առնելով, գործընթացը ավելի լավարկել և էն բացերը, որոնք հիմա նկատվել են կամ առկա են եղել, դրանք հետագա տարիների համար շտկելու և ավելի արդյունավետ իրականացնելու համար»։

Մի քանի դպրոցների տնօրեններ ուսուցիչների ցածր մասնակցությունը «Ազատության» հետ զրույցում այսպես բացատրեցին՝ ծրագիրն առայժմ նորություն է, ուսուցիչներին դեռ ժամանակ է պետք։