Եվրոպայի դրոշներով ամենագնացները շարժվում են հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։ Այսօր եվրամիության դիտորդների նկատել են Ջերմուկում։
«Քաղաքում տեսել եմ, իրանք պտտվում են, շրջում են մեքենաներով և առանց մեքենաների, բայց իրանք մեզ հետ չեն շփվում։ Բնակչության հետ են շփվում, ման են գալիս, շրջում են», - ասում է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կաՆրա տեղեկացմամբ՝ դիտորդները երեկվանից են քաղաքում։
Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը այս ամսվա սկզբին էր կայացվել՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ: 40 դիտորդ առավելագույնը երկու ամսով պետք է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դիտարկի։
Նրանց դեռ չեն տեսել Վարդենիսի սահմանային համայնքներում։ «Իրանք մեկ անգամ են եկել մեզ մոտ, ընդհանուր առմամբ տեսել են, ու հլը ոչ մի բան... Որոշվել ա, որ իրանք պտի գնան Կուտական և Սոտք գյուղերը», - ասում է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Ավելի վաղ սեպտեմբերյան մարտերից տուժած համայնքներ Եվրամիության տեխնիկական խումբն էր այցելել, ծանոթացել համայնքների կրած վնասներին, տեսել ադրբեջանական նոր դիրքավորումները։
Վարդենիսի համայնքնապետի տեղեկացմամբ ՝ դիտորդները Սոթք, Կուտականից հետո անցնելու են Ադրբեջանի թիրախում հայտնված բոլոր կետերով։
«Թող գան հանդիպեն, տանենք ցույց տանք, որ մեր գերեզմանը շրջափակված ա», - ասում է Ներքին Հանդի բնակիչ Մելս Բաղդասարյանը։
Երեք կողմից ադրբեջանական դիրքերի մեջ սեղմված Ներքին Հանդում եվրոպացի դիտորդներին է սպասում գյուղում մնացած 20 տղամարդկանցից Մելս Բաղդասարյանը, ասում է՝ գյուղի գերեզմանոցին մոտենալ չեն կարողանում՝ թող եվրոպացիները գան, տեսնեն։
Սյունիքի մարզի այս գյուղը սեպտեմբերյան մարտերի ժամանակ տարհանվեց ու մինչև այժմ էլ կանայք, երեխաները այստեղ գիշերել չեն համարձակվում։ Ներքին Հանդում տասից ավելի հայկական դիրքեր են անցել Ադրբեջանի հսկողություն տակ։
Հարևան Շիկահողում էլ է ադրբեջանական զինուժն առաջ եկել ու ականապատել Հայաստանի տարածքը։ «Մինչև իրենք չգնան իրենց սահմանը, իրենց տեղը, մեր հողից դուրս չգան, վիճակը լավ չի լինելու», - ասում է շիկահողցի Անդրանիկ Մարգարյանը։
Նա դիտորներից մեկ ակնկալիք ունի. - «Հասկացրեք էդ մարդկանց, որ մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք մեր հողի վրա խաղաղ ապրենք» Թող իրանք գնան իրանց տարածքում ապրեն, ինչի՞ ա էկել, քիթը կոխել...»
Նա եվրոպացիներին շատ է սպասում, որ զգոնացնի «ձեր երես տված Թուրքիան ձեզ է վնասելու» նախադասությամբ։ Մի քանի օր առաջ ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբն էր Շիկահողում։
Անդրանիկ Մարգարյանն ասում է ՝ ԵԱՀԿ-ն գնա, Եվրամիությունը գա, իրենց ասելիքը նույնն է. - «Ասենք, մեր կառավարությունը, հա լավ, խաղաղություն ա ուզում։ Է մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց դիմացինդ ուզո՞ւմ ա խաղաղություն»։