Դժվարություններ շատ են եղել, բայց մենք չենք տրտնջացել. Հայաստանի նկարիչների միության նախագահ

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյան, արխիվ։

Վերջին տարիներին ակնառու է Նկարիչների միության աշխույժ աշխատանքը, որի արդյունքում գրեթե ամեն շաբաթ միության մուտքի մոտ նորանոր ցուցահանդեսների ազդագրեր են հայտնվում։

Նկարիչների միությունը վերջին 4 տարիներին ղեկավարում է Սուրեն Սաֆարյանը։ «Ազատության» հետ զրույցում Սաֆարյանն ասաց. - «Նկարիչների միությունը ակտիվ գործունեություն է ծավալում մեր թիմի և թիմակիցների շնորհիվ, նաև մեր արվեստագետների շնորհիվ։ Որովհետև եթե նկարիչները չնկարեն և ցուցադրություններ չկազմակերպեն, մեզ մոտ էլ չենք կարողանա էդ ամենը կազմակերպել»։

Նոյեմբերի 12-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միութան 20-րդ համագումարը, որի կազմակերպչական աշխատանքներին է ներկայումս լծված միության ղեկավար կազմը։ Համագումարի ընթացքում տեղի կունենա միության նախագահի և վարչության ընտրություններ։

Իսկ համագումարից անմիջապես հետո, Սաֆարյանի փոխանցմամբ, նախատեսված է ևս մեկ ուշագրավ իրադարձություն. - «Մեր ավանդական սալոնը, որը պետք է իրականացնենք, որին մասնակցում են միայն Նկարիչների միության անդամները։ Նկարիչների միությունում երեք հարկ. պետք է հետաքրքիր ցուցահանդես լինի, որովհետև ցուցահանդեսը նվիրված է լինելու Հայաստանի նկարիչների միության հիմնադրման 90-ամյակին։ Այդ տարիների ընթացքում միությունը շատ հետաքրքիր ուղի են անցել, ունեցել է և' դժվար օրեր, և' հաղթանակած օրեր, և' հետաքրքիր օրեր։ Այսինքն՝ նա անմասն չէ հանրապետության իրողություններից և մի օրգանիզմ է, որը ապրում է, կենդանի օրգանիզմ է, և ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, այնպես էլ այստեղ՝ մեր մեծ ընտանիքում եղել են և' պրոբլեմներ, և' ամեն ինչ»։

Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի նկարիչների միությունը իր պատմության ընթացքում «միշտ խթան է հանդիսացել կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչների հանրահռչակման գործում, միության անդամների համար տարբեր խնդիրների լուծման գործում». - «Այո, հիմա մի քիչ դժվարություններ ունենք նկարիչների ստաժի հետ կապված, օրենքի հետ կապված, բայց այդ ամենը, ես կարծում, որ ժամանակի խնդիր է, և կկարողանանք, եթե լինենք միասնական, այդ խնդիրները առաջիկայում լուծել։ Որովհետև դրա վրա աշխատում ենք, որպեսզի փոքր-ինչ կարողանանք թեթևացնել նկարչի բեռը։ Ինչ վերաբերում է Նկարիչների միությանը, ես կարող եմ ասել, որ այս վերջին չորս տարիների ընթացքում տարբեր նախագծերով մենք հանդես ենք եկել հանրությանը. դա կլինի վարպետության դասերը անվճար, կլինեն դասախոսություններ արվեստաբանական, հանդիպումներ մշակութային գործիչներ հետ, տարբեր ցուցահանդեսներ թե' Նկարիչների միության կողմից կազմակերպված, թե' համատեղ, թե' անհատական ցուցահանդեսներ։ Այսինքն՝ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Աբովյան 16 հասցեն ակտիվ լինի, և արվեստասեր հասարակությունը միշտ Աբովյանով իջնելիս մի պահ հիշի և ցանկություն առաջանա իր մոտ մտնել Հայաստանի նկարիչների միություն»։

Առաջիկայում կայանալիք համագումարին միության նախագահի միակ թեկնածուն առայժմ Սուրեն Սաֆարյանն է։ Վերհիշելով անցած չորս տարիները՝ նա ընդգծում է, որ դա բավական բարդ ժամանակահատված էր իրենց համար. - «Ունեինք ծրագիրը, որը ըստ առաջնահերթության պետք է իրականացնեինք, սակայն 2020 թիվը, որ հայտնի է ինչ տարի էր՝ իր անակնկալներով, դժվարություններով՝ սկզբից համավարակը, հետագայում Արցախի 44-օրյա պատերազմը, դրանոց հետո եկող հետևանքները, այդ ամենը շատ մեծ անդրադարձ ունեցավ Նկարիչների միության վրա։ Բայց մենք չընկճվեցինք, այդ օրերին էլ աշխատել ենք։ Մինչ այդ էլ ունեինք խնդիրներ նախորդ նախագահից ժառանգած մի շարք իրավական հարցեր, թերի մնացած հարցեր, խախտումներ, որի արդյունքում մենք ունեինք նաև դժվարություններ՝ բանկային հաշիվներն էին սառեցված, մոտ մեկ տարի մենք այդպես կարողացանք գոյատևել... Այսինքն՝ դժվարություններ շատ են եղել, բայց մենք չենք տրտնջացել և փորձել ենք աշխատել այնպես, որպեսզի նկարիչը կամ այն արվեստասեր անձնավորությունը, ով մտնում է Հայաստանի նկարիչների միություն, գեթ մեկ վայրկյան անգամ չզգա, որ կա Նկարիչների միությունում ինչ-որ խնդիրներ»։