Իրանի ռեժիմը խափանել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» Ռ/Կ-ի լրագրողի հուղարկավորությունը

Լրագրող Ռեզա Հաղիղաթնեժադը, արխիվ

Իրանի անվտանգության գործակալներն առևանգել են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռեզա Հաղիղաթնեժադի մարմինը՝ կանխելով նրա հուղարկավորությունը։

Իրանական ծառայության 45-ամյա թղթակիցը քաղցկեղից մահացել էր Բեռլինի Charite Hospital հիվանդանոցում։ Նրա մարմինը հոկտեմբերի 25-ին տեղափոխվել էր Իրան՝ հուղարկավորելու համար։

Սակայն իրանական աղբյուրները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Ֆարդա» ծառայությանը ասել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալները առևանգել են դիակը և տարել անհայտ ուղղությամբ։

Նրա հարազատները և ընկերները հայտնել են, որ անհրաժեշտ բոլոր թույլտվությունները ստացել էին լրագրողին նրա հայրենի Շիրազ քաղաքում հուղարկավորելու համար։ Բայց Հաղիղաթնեժադի ընտանիքը ճնշումների է ենթարկվում նրան հայրենի քաղաքից դուրս, այլ գերեզմանոցում հուղարկավորելու համաձայնություն տալու համար։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ և գործադիր տնօրեն Ջեյմի Ֆլայը հայտարարել է, որ Իրանի ռեժիմի մանիպուլյացիաները Ռեզա Հաղիղաթնեժադի ընտանիքի հետ ամոթալի է և նողկալի։ Նրանց պետք է թույլատրվի հուղարկավորումը կատարել առանց ռեժիմի ոտնձգությունների։

Իրանի իշխանություններից դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։