«Պաշտպան հայրենյաց». ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման նոր համակարգ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ։

«Պաշտպան հայրենյաց» կոչվող ծրագիրն այսօր կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նախագծի իրականացման համար փոփոխություններ ու լրացումներ են մշակվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք: Պատվո վճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն», - ներկայացրեց Պապիկյանը:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության ու ընթացքում որոշում հրաժարվել դրանից, ապա ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի, և զինվորականը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։ Այս ծրագրի ներդրմամբ դադարեցվում է Հանրապետականի իշխանության օրոք պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներդրած «Ես եմ» պայմանագրային ծառայության ծրագիրը։

Ինչպես պարզվեց այսօր կառավարության նիստում, «Ես եմ» ծրագրից այս պահին օգտվում է ընդամենը երկու զինծառայող և նրանց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է։

«Ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները վեց ամիս ծառայության անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ ծառայեն, աշխատավարձ ստանան այն պայմանով, որ իրենք արդեն պայմանագրային զինծառայող կդառնան և իրենց հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի հինգ տարի: Սա մի առանձնահատկություն: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ նրանք էլի կմտնեն ատեստավորման հիմա գործարկվող կանոնի մեջ, այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրյութnերով, իսկ ատեստավորումից հետո՝ արդեն կրկնապատկված դրույթներով», - ընդգծեց վարչապետը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չբացառեց, որ պայմանագրային ծառայության մյուս՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը ևս, որ դարձյալ ներդրվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, կդադարեցվի. «Համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, պարոն վարչապետ, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաև ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պիտի լինեն: Բայց նաև քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում, բայց թեման քննարկելի է և կարելի է այն լավարկել, բարելավել»:

Պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը դժվարանում է այս փոփոխությանը գնահատական տալ, քանի դեռ չի հրապարակվել պաշտպանական ոլորտի ընդհանուր հայեցակարգը։ Պատերազմից 2 տարի անց էլ նման փաստաթուղթ չունենալը, որով պետք է առաջնորդվել պաշտպանական ոլորտում բարեփոխումներ անելու համար, նախկին նախարարը անթույլատրելի է համարում։

«Պրոֆեսիոնալ բանակի հայեցակարգ կազմելու համար առավել ևս իրենք, կարող եմ ասել, հեռու են և իրականում ուրիշ բաների մասին իրենք պետք է մտածեն, երկնքից իջնեն ներքև ու առօրյա բաներով զբաղվեն և ոչ թե մեր հասարակությանը նորից մոլորեցնելու համար ինչ-որ վերամբարձ գաղափարներով կերակրեն», - ընդգծեց Օհանյանը:

Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն տվեց և ուղարկեց խորհրդարան՝ դրա քննարկումը համարելով անհետաձգելի։ Ի՞նչ երաշխիքներ ունեն, որ այս ծրագիրը կլինի ավելի հրապուրիչ, քան, օրինակ, երկու շահառու ունեցող «Ես եմ»-ը։ Այս հարցը չհաջողվեց ուղղել կառավարության որևէ անդամի։ Որևէ նախարար չիջավ ճեպազրույցների սրահ։