Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախարարության՝ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր:
Սեպտեմբերյան արյունալի մարտերից հետո պաշտոնական Երևանը վիրավորների հստակ թիվ չի նշել։ Երեկ Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ հայկական կողմն ունի 240 զոհ։ Նման թիվ առաջին անգամ էր հնչեցվում: Այս հայտարարությունից անմիջապես հետո Ազգային ժողովը մեկ այլ հայտարարությամբ հերքեց՝ նշելով, որ «հնչեցված թիվը շփոթմունքի արդյունք է»։
Օրեր առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմն առնվազն 201 զոհ ունի։ 40-օրվա ընթացքում ոչ մի պետական մարմին զոհերի վերջնական թիվ չէր հայտնել, իսկ այս ընթացքում տեղեկություններ հրապարակող միակ պաշտոնյան՝ վարչապետը, զոհերի ու անհետ կորածների ընդհանուր ու վերջնական թիվ էր ասել՝ 210-ից ավելի։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ցանկանում է Սյունիքի նկատմամբ վերահսկողություն հաստատել․ Արմեն Խաչատրյան