Կիևը փախստականներին խնդրում է մինչև գարուն չվերադառնալ հայրենիք

Ուկրաինացի փախստականները ժամանել են լատվիա, արխիվ

Ուկրաինայի ժամանակավոր զավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը պատերազմի ընթացքում արտասահման մեկնած հայրենակիցներին կոչ է արել չվերադառնալ մինչև գարուն:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է առանց այն էլ աննախադեպ ծանրաբեռնվածության տակ հայտնված էլեկտրականության մատակարարման համակարգը խնայելու համար:

«Շատ եմ ուզում, որ բոլորը վերադառնան, սկսեն վերականգնել մեր երկիրը, Խերսոնի շրջանը, բայց պետք է խնդրեմ, որ չվերադառնաք, մենք պետք է այս ձմեռը վերապրենք, դժբախտաբար, ցանցերը չեն դիմանա, տեսնում եք, թե ինչեր է անում Ռուսաստանը: Եթե ունեք հնարավորություն՝ ձմեռն անցկացրեք արտասահմանում»,- հեռուստատեսությամբ ասել է նախարար Վերեշչուկը:

Ուկրաինայի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորինս խնայել հոսանքը: Երկրի մի շարք շրջաններում հովհարային անջատումներ են իրականացվում:

Հոկտեմբերի 10-ից սկսած Ռուսաստանը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին, նախևառաջ թիրախավորելով էներգետիկայի և ջրի մատակարարման համակարգը:

Պատերազմից սկզբից երկրից հեռացել է ավելի քան 7 միլիոն 600 հազար բնակիչ, հետագայում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, առնվազն 3 միլիոնը վերադարձել է: Բացի այդ, Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասնում է 7 միլիոնի: