Օլաֆ Շոլց. «Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը տասնամյակներ կտևի»

Ուկրաինայի վերականգնման հարցով միջազգային փորձագիտական հավաքը, առաջին շարքի կենտրոնում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Բեռլին, 25 հոկտեմբերի, 2022թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ասել է, թե Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը կարող է տասնամյակներ տևել և սերունդների աշխատանք պահանջել: Այդ մասին կանցլերը խոսել է Բեռլինում գումարված Ուկրաինայի վերականգնման հարցով միջազգային փորձագիտական համաժողովում:

«Միջնաժամկետ հեռանկարում առաջնայինը վերակառուցումն է: Հարկ է վերակառուցել ավերված շենքերը և ճանապարհները, արդյունաբերական հիմնարկները: Սա մի քանի սերունդների խնդիր է: Հենց այդ հաշվի առնելով, ես ուզում եմ, որ ծրագիրը մանրամասն ու խելացի եղանակով կազմվի: Սա փաստորեն Ուկրաինայի համար «Մարշալի ծրագիր» է դառնում, ինչպես մենք նշել ենք տիկին Ֆոն դեր Լայենի հետ»,- ասել է Շոլցը:

«Մարշալի ծրագիրը» կազմել է ԱՄՆ-ի պետական քարտուղար, նախկին զինվորական, բանակի գեներալ Ջորջ Մարշալը: Ծրագիրը կազմվել է 1947 թվականին: Իրագործումը սկսվել է 1948-ին: Ծրագրի նպատակն էր վերականգնել Եվրոպան երկրորդ աշխարհամարտից հետո: Ծրագրին մասնակցել են եվրոպական 17 պետություններ, այդ թվում՝ Արևմտյան Գերմանիան: Մարշալը հետագայում նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն է ղեկավարել:

Հավաքի մասնակիցների թվում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը և պաշտոնական այլ անձինք:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ասել է, թե իր երկրի համար կարևոր նպատակներից մեկն անդամակցումն է Եվրամիությանը: Նա ասել է, թե ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի տնտեսության 35-45 տոկոսն և այսօր էլ շարունակում են ահաբեկչական հարձակումները:

Ուկրաինան հայտնել է, որ հազարավոր կյանքեր խլած պատերազմի ընթացքում տների, հիվանդանոցների, դպրոցների, գործարանների ոչնչացումից գոյացած վնասը հասնում է 750 միլիարդ դոլարի:

Համաշխարհային բանկը ենթադրում է, որ վերականգնման ծրագրի համար անհրաժեշտ է մոտ 350 միլիարդ դոլար: