Այսօր Ստամբուլում տեղի է ունեցել պաշտպանական, ավիացիոն և տիեզերական տեխնիկայի արտադրանքի SAHA EXPO-2022 միջազգային ցուցահանդեսը: Միջոցառման բացմանը նվիրված ելույթով հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով, տարածաշրջանում և աշխարհում կայունություն ապահովող երկրի վերածվելու գրավականներից մեկն այն է, որ Թուրքիան կարողացել է ազգային պաշտպանական արդյունաբերություն զարգացնել:
«Մենք արդեն դարձել ենք երկիր, որն արտադրում է սպառազեն, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, հրթիռներ և նավեր: Ամենակարճ ժամանակամիջոցում կսկսենք արտադրել նաև մեր սեփական կործանիչ-ինքնաթիռներն ու հրասայլերը: Բարեբախտաբար, մենք ի զորու ենք բավարարել բարեկամական երկրների՝ Հյուսիսային Կիպրոսի, Ադրբեջանի և Լիբիայի պաշտպանական կարիքները»,- հայտարարել է Աքարը:
Ենթադրվում է, որ պաշտպանական նշանակության թուրքական արտադրանքի արտահանման ծավալն այս տարի կհասնի 4 միլիարդ դոլարի:
Սրտամբուլում բացված ցուցահանդեսին ներկա է եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նա ասել է, որ ադրբեջանական բանակը հետաքրքրված է Saha Expo-ում ցուցադրվող զինատեսակներով: Զաքիր Հասանովի խոսքով, արդեն կնքվել են մի շարք գործարքներ: Ըստ Հասանովի, Ադրբեջանը կիրառում է բանակաշինության թուրքական մոդելը:
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար Իսմայիլ Դեմիրն ու Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը: