Հոկտեմբերի 30-ին կայանալիք Հայաստանի կոմպոզիտորների միության 16-րդ համագումարի ընթացքում տեղի կունենան նաև միության նախագահի և վարչության կազմի ընտրությունները։
Արդեն հայտնի է, որ միության նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել Կոմպոզիտորների միության ներկայիս նախագահ Արամ Սաթյանը, միության փոխնախագահ Ավետիս Բերբերյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը։
«Ազատության» հետ զրույցում Արամ Հովհաննիսյանն ասաց, որ ակնառու է այն մեծ աշխատանքը, որ կատարել է Կոմպոզիտորների միությունը վերջին տարիներին. - «Իրականում ցանկությունը ղեկավարելու կամ շարունակելու ինչ-որ մի գործընթաց գալիս է՝ հիմք ընդունելով արդեն արված իսկ աշխատանքը։ Ինչը մեծ գնահատանք ունի անձամբ իմ կողմից և միության շատ անդամների կողմից։ Դրանք անհերքելի փաստեր են։ Եվ կատարված աշխատանքի արդյունքում արվել են որոշակի վերլուծություններ, թե կոնկրետ այս նախագիծը կամ այն նախագիծը ինչ զարգացման ճանապարհ ունի։ Ես կարծում եմ, որ միությունը իր աշխատանքներով ստեղծել է մեծ նախադրյալներ»։
Արամ Հովհաննիսյանը 38 տարեկան է։ Սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ինչից հետո 2003 թվականից կրթությունը շարունակել է Ժնևի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միքայել Ժարրելի դասարանում։ Ավարտելով Ժնևի կոնսերվատորիան՝ երկար տարիներ աշխատել է Շվեյացարիայում՝ համագործակցելով ժամանակակից անվանի երաժիշտների՝ կոմպոզիտորների, երաժիշտ- կատարողների, նվագախմբերի, դիրիժորների, նաև երաժշտական կառույցների հետ։
Նա վստահ է, որ համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ, կկարողանա բոլորովին նոր բնույթ հաղորդել Կոմպոզիտորների միության գործունեությանը՝ ի նպաստ հայ երաժշտարվեստի զարգացմանը. - «Խոսքը տարբեր ինֆրաստրուկտուրաների զարգացման մասին է, համերգային կազմակերպման, էդ համերգների յուրահատուկ բովանդակության, նոր կոնտեքստների, ստեղծագործական տարբեր համագործակցությունների։ Մի խոսքով՝ ամբողջ կոմպոզիտորական արվեստի ներուժը կրկնապատկելով և եռապատկելով՝ փորձենք հասնել մի նոր արդյունքի»։
«Ազատություն». - Խորհրդային Միության փլուզումից հետո ասում են, թե ստեղծագործական միությունները սպառել են իրենց դերը։ Այսօր մեր հանրային դաշտում ինչպե՞ս եք ընկալում միության գործունեության դերը։
Հովհաննիսյան. - Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Շատ կարևոր, որովհետև Խորհրդային Միությունում, ընդհուպ մինչև Խորհրդային Միության փլուզումից հետո էլ ստեղծագործական միությունները ունեին աջակցություն պետության կողմից։ Սակայն հետո իրավական դաշտում եղան փոփոխություններ, հասարակական կազմակերպության վիճակը՝ ինչքան էլ դա լիներ որոշ չափով արտոնյալ։ Բայցևայնպես, միությունների առաջ խնդիր է դրված ինքնակազմակերպման նոր մեթոդներ փնտրելու։ Սա նշանակում է, որ եթե միությունը ունի, օրինակի համար, ինչ-որ ֆինանսական աղբյուրներ, ներդրումներ, ֆինանսատնտեսական կառավարումը պետք է լինի էնպիսի էֆեկտիվ համակարգերի վրա հիմնված, էստեղ նաև պետք է խոսել համապատասխան մարդկանց ներգրավվածության [մասին], որպեսզի էդ համակարգը կառավարելի լինի։ Խոսքը միայն միության նախագահի մասին չէ։ Նման պարագայում կառավարելով միության ընդհանուր իրավիճակը՝ հնարավոր է ստեղծել տարբեր պայմաններ, որպեսզի այդ միջոցները ծառայեն ոչ միայն ներքին ինֆրաստրուկտուրաների կառավարմանը կամ սպասարկմանը, այլ նաև այդ միջոցները հստակ բաժանումներով նպատակային օգտագործվեն ստեղծագործական նպատակներով։
«Ազատություն». - Այսինքն՝ միությունը այսօր կարող է լուրջ դեր խաղալ մասնագիտական հանրության համար։
Հովհաննիսյան. - Կարծում եմ, որ այո։ Էնպես չի, որ նա չի խաղացել, ուղղակի իմ կարծիքով, պոտենցիալը այդ հնարավորությունների մինչև վերջ չի բացահայտվել։ Միությունը միշտ էլ ունեցել է ցանկություն, միշտ այդ քայլերը արվել են։ Իհարկե, այլ հարց է, թե մասնագիտական տեսանկյունից մենք ինչ գնահատական ենք տալիս էդ պրոցեսներին։ Որտե՞ղ կան, օրինակ, զարգացման հնարավորություններ, որտե՞ղ են որոշ խնդիրներ մտել փակուղի։ Այստեղ իհարկե նաև տարբեր մոտեցումների հարց կա, մեթոդների հարց կա։ Արդյո՞ք այս կամ այն անձը տիրապետում է այդ մեթոդներին, որպեսզի հնարավորինս բացի էդ ամբողջ ներուժը, լինի դա թե' տնտեսական առումով, թե' ստեղծագործական առումով։ Ես կարծում եմ, որ էս բոլոր պրոցեսների հարմոնիան կբերի մի նոր որակի, և միությունը կկարողանանք դարձնել ժամանակակից երաժշտության ամենակարևորագույն կենտրոնը Հայաստանում, ոչ թե կենտրոններից մեկը։ Եվ շատ ավելի շահավետ կլինի, եթե տարբեր կազմակերպությունների համար մենք վստահելի գործընկեր լինենք, այլ ոչ թե լինենք մշտապես խնդրողի դերում, որպեսզի մեզ աջակցեն, որպեսզի մենք ինչ-որ մի բան տանք։ Առաջինը մենք պետք է առաջարկենք, և էդ վստահությամբ, ես կարծում եմ, որ մի շարք գործընկերներ սիրով կհամագործակցեն մեզ հետ ու կօգնեն մեզ մեր ներդրմանը մի քանի քար ավել դնելու»։