Շուրջ 100 մարդ է ձերբակալվել այսօր Բաքվի կենտրոնում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում։
Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի կոչով կուսակցության ակտիվիստները փորձել են հավաքվել Բաքվի քաղաքապետարանի առջև՝ պահանջելով տեղական իշխանություններից հարգել հավաքների ազատության սահմանադրական նորմը, ինչպես նաև ուշադրություն հրավիրելով 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում սկիզբ առած ինքնասպանությունների դեպքերի վրա։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի ընդդիմադիրները այսօր նոր մարտավարություն են կիրառել՝ ակցիայի վայր ժամանելով ոչ միաժամանակ և փոքր խմբերով։
«Այդ պատճառով բողոքի գործողությունը տևել է մոտ 40 րոպե, իսկ ոստիկանությանը չի հաջողվել միանգամից ձերբակալել դրա բոլոր մասնակիցներին», -հաղորդում է գործակալությունը։