Ես իրենց սովորեցնում եմ սիրել մեր մոլորակը. Տիգրան Հեքեքյան

Տիգրան Հեքեքյան

1992 թվականին Տիգրան Հեքեքյանի հիմնադրած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբն օրերս մի հրաշալի համերգով նշեց հիմնադրման 30-ամյա հոբելյանը, որը նշանավորվեց երգչախմբի ավագ և կրտսեր սաների, նաև նախկին անդամների, որոնց մի մասը արտերկրից էր ժամանել, և արտասահմանցի հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։

«Ազատության» հետ զրույցում երգչախմբի հիմնադիր խմբավար Տիգրան Հեքեքյանը, ի պատասխան հարցին, թե ինչպես և ինչու մտահաղացավ նման մանկակական երգչախումբ ստեղծել 30 տարի առաջ, վերհիշեց. - «Երեսուն տարին թռավ, անցավ մի վայրկյանում, բայց ես շատ թարմ հիշում եմ, որ պատճառը մութ և ցուրտ տարիներն էին։ Մեր երկիրը անկախացել էր, նոր երկիր էինք սարքում, նոր պետություն։ Բայց ժողովուրդը լքում էր շատ մեծ քանակով, որովհետև անտանելի էին պայմանները։ Եվ ես մտածեցի մնացող երեխաներին և ընտանիքներին ինչ-որ ձևով ջերմացնել... Մենք միայն չէինք երգում, մենք զրուցում էինք կյանքից, մենք զրուցում էինք իրավիճակից»։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը հսկայական ճանապարհ է անցել՝ կատարողական արվեստի բարձր մակարդակով վաստակելով ոչ միայն Հայաստանի և արտերկրի երաժշտասեր հանրության ամենաջերմ ընդունելությունը, այլև արժանանալով միջազգային հեղինակավոր բազմաթիվ բարձրագույն մրցանակների։

Տիգրան Հեքեյանի խոսքով, արդեն չորրորդ սերունդն է «Փոքրիկ երգիչների», որ շարունակում է հիացնել ունկնդիրներին. - «Ամբողջ մեր գործունեության ընթացքում մենք մասնակցել ենք առնվազն ութ միջազգային մրցույթի, և բոլոր մրցույթներում ոչ թե ոսկե մեդալ ենք շահել կամ առաջին տեղ, այլ գլխավոր մրցանակ, առաջին տեղ շահածների մեջ գլխավոր մրցանակը էլի մենք ենք վերցրել։ Այդ անունը ես որ դրել էի, ես գիտեի, որ այս երգչախումբը պիտի մեծ անուն ունենա, ես գիտեի, որ պիտի աշխարհով մեկ պտտեմ իրենց, ես գիտեի, որ դա ես ի զորու եմ անել՝ եթե Աստված կամենա։ Եվ դա եղավ»։

Հաջողության գաղտնիքը անսահման նվիրվածության և աշխատասիրության մեջ է, շեշտում է Տիգրան Հեքեյանն ու հավելում. - «Իհարկե, նաև շատ կարևոր է խմբավարի ասելիքն ու աշխատանքը, որը չի սահմանափակվում միայն մասնագիտական ուսուցմամբ և ուղղորդումներով։ Ես իրենց սովորեցնում եմ ճիշտ ապրել, ես իրենց սովորեցնում եմ սիրել իրենց բակը, քաղաքը, հայրենիքը։ Ես իրենց սովորեցնում եմ սիրել մոլորակը։ Մոլորակը մեր շատ փոքր է, եթե մենք չսիրենք մեր մոլորակը, միայն սիրենք միայն մեր քաղաքը, կամ միայն երկիրը, կամ միայն մեր բակը, կամ միայն մեր շեմը, դատապարտված ենք ուղղակի եթե ոչ կործանման, ապա վատ մոլորակի քաղաքացիներ լինելու»։

Հարցին, թե իր դիտարկմամբ ի՞նչ զարգացում է ապրում այսօր երգչախմբային արվեստը Հայաստանում, Հեքեքյանը պատասխանեց. - «Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ մենք ունենք խնդիրներ։ Ունենք շատ լավ երգչախմբեր, բայց մենք չունենք երգչախմբային մեծ ընտանիք։ Մենք ունենք վեց պետական երգչախումբ, մեկը մյուսիս լավը, բայց մենք ունենք ընդամենը հազիվ մեկ տասնյակի հասնող սիրողական երգչախմբեր։ Հոլանդիայի նման երկիրը, որ մեր չափ ազգաբնակչություն ունի, մեր չափ մակերես ունի, ունի ինը հազար երգչախումբ։ Չէ՞ որ երգչախմբային արվեստը այնպես չէ, որ հավաքվեն իրար հետ ու երգեն։ Կարևոր է, որ դու քո ձայնը և քո կարողությունները ի սպաս դնես ընդհանուրի շահերին, ինչը հայերին օդ ու ջրի պես պետք է։ Մենք ամեն մեկս պետք է, եթե հարկ է, իր բոլոր դրական հատկանիշները ի սպաս դնի ընդհանուր շահերին։ Այ սա է երգչախմբային արվեստը։ Եվ եթե խելք ունենան մեր իշխանությունները, ապա անպայման մի իշխանավոր գուցե մի օր կհայտնվի և կասի՝ բոլոր դպրոցներին տրված հաստիքները, ես չեմ ասում նոր հաստիքներ ստեղծեն, բոլոր հաստիքները թող տան խմբավարներին, և խմբավարական բաժնում ոչ թե կընդունվի երկու-երեք ուսանող, պետպատվերի տասներկուսի փոխարեն, այլ տեղ ու դադար չի լինի, որովհետև բոլորը կունենան իրենց աշխատատեղերը»։