Կառավարությունն առաջարկում է 15 տարվա ազատազրկում սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար

Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյան («Քաղաքացիական պայմանագիր»)

Կառավարությունն առաջարկում է Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի համար քրեական պատիժ նախատեսել՝ մինչև 15 տարի։

Աշխարհում փոփոխություններ են ու պետականությունը պաշտպանելու կարիք կա, ասում է Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. - «Այն ևս ուղղված է էս կանխարգելիչ գործառույթը իրականացնելուն, հնարավոր հիմքեր ստեղծելու, որպեսզի անձինք պետականության դեմ ուղղված գործողություններ չիրականացնեն»։

Գործող օրենքով քրեական պատասխանատվություն է նախատեսված տարածքային ամբողջականությունը խախտելու, բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի տարածքը կամ մասը այլ պետությանը հանձնելու համար:

Իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերի համար էլ քրեական պատիժ կա։ Այս նույն ձևակերպմամբ, Վարդանյանի խոսքով, ավելանում է ինքնիշխանության մասը. - «Կա իրավիճակ հանրային վտանգավորության, որը կարող է հասնել որոշակի պիկի՝ որոշակի իրադարձությունների հետ կապված, և այդ պիկի շրջանակներում դու կարող ես որոշում կայացնես այս կամ այն արարքը քրեականացնելու կամ ապաքրեականացնելու վերաբերյալ»։

Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին 20 օր առաջ հոդված էր հրապարակվել վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։ «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդվածագիրը գրել էր, թե Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ Ուկրաինայից, որ Հայաստանը դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։

Ինչո՞ւ հենց հիմա ծագեց ինքնիշխանությունը քրեական օրենսգրքով պաշտպանելու անհրաժեշտությունը։ Կապ կա՞ հոդվածի ու կառավարության առաջարկի միջև։

«Ցանկացած պետություն պարտավոր է և իր քաղաքացիների առջև ունի պարտականություն ապահովել իրեն որպես էդպիսին, որպես ցանկացած օրգանիզմ, պետք է ունենա իր իմունային համակարգը, որով ինքն իրան պաշտպանում ա», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Օրինակ, Միութենական պետության մաս դառնալու քննարկումները, կարծիքները, գուցե կոչերը այս նախագծով քրեորեն պատժելի՞ են համարվում։ Իշխանական պատգամավորը հրաժարվում է օրինակներով խոսել։ Նախագիծը կհասնի Ազգային ժողով, մանրամասն կքննարկենք, ասում է. - «Միայն առանձին գործերի հանգամանքներով կարելի է տեսնել, թե այստեղ այս արարքը առկա՞ է, թե՞ այդ արարքը առկա չէ»։

Ինքնիշխանությունից հրաժարվելը կամ կոչերը քրեականացնելու առաջարկը Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռևս այս տարվա փետրվարին էր արել։ Իշխանությունը դեմ քվեարկեց ընդդիմության օրինագծին։

«Ինչ-որ իմաստով մեր կողմից նախաձեռնածի բաղադրիչը վերցրել են և դրել են շրջանառության մեջ։ Իմ ասածը այն է, որ անելուց ինչի՞ ամբողջությամբ լավը չանել, առաջին։ Եվ երկրորդ, դուք կհիշեք նաև, երբ որ մեր նախաձեռնությունը ներկայացվել էր, Արդարադատության նախարարության կողմից ներկայացվել էր մի աբսուրդային հիմնավորում իբրև հակափաստարկ, թե դրանով խոսքի ազատությունն է սահմանափակվում։ Այսինքն՝ թուրքի և արդբեջանցու խոսքի ազատության ջատագովնե՞րն են դառել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իմ հարգելի գործընկերը»։

Ինչո՞ւ իշխանությունը ամիսներ առաջ ընդդիմության նախագծին կողմ չքվեարկեց և հիմա է գրեթե նույն բանը առաջարկում, ի՞նչ է փոխվել այս ամիսների ընթացքում։ «Սատանան մանրուքների մեջ», - արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը. - «Պետք է ուսումնասիրել մանրամասները»։

Ընդդիմության նախագծի հեղինակները պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աղվան Վարդանյանն ու Իշխան Սաղաթելյանն էին։ Պատրա՞ստ են գնալ խորհրդարան, մասնակցել քննարկումներին ու քվեարկել այս օրենքի օգտին։

«Ես չեմ պատրաստվում այդ հարցի վերաբերյալ կամ այլ հարցի վերաբերյալ մասնակցել քննարկման։ Ես պատկերացնում եմ և այդ համոզմունքս արտահայտել եմ, կարծում եմ, մեր հայրենակիցների մի ստվար զանգված այդ կարծիքը կիսում է. այս իրավիճակում մեզ համար օրակարգային թիվ մեկ հարցը դա ազգային համախմբումն է», - ասաց Արամ Վարդևանյանը։

Օրենքը երկու օր է, հանրային քննարկման է ներկայացվել։ Այս պահի դրությամբ 27 հոգի կողմ է քվեարկել, 7-ը՝ դեմ։ Խորհրդարան կհասնի կառավարությունում հաստատվելուց հետո։