Սահմանների մասին որոշումը Երևանն ու Բաքուն են կայացնելու, ինչո՞ւ է Թեհրանը խառնվում այդ հարցերին․ ադրբեջանցի պատգամավոր

«Ցավոք, Ադրբեջանի դեմ վերջին շրջանում Իրանի ձեռնարկած քայլերը, հատկապես Հայրենական պատերազմի ժամանակ, այնուհետև Զանգեզուրի միջանցքի հետ կապված, չի կարելի գնահատել որպես բարիդրացիություն»,- արձագանքելով Իրանի դիվանագիտության ղեկավարի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններին, ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։

«ԱՊԱ» գործակալության հետ զրույցում Միլլի Մեջլիսի Տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի ղեկավարը քննադատել է սահմանների փոփոխություններին ընդդիմացող Թեհրանի դիրքորոշումը, պնդելով, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է և «որոշումը կկայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ հիմնվելով որևէ ժամանակաշրջանի քարտեզի վրա»։

«Ի՞նչ կապ ունի դա երրորդ երկրի հետ՝ այդ թվում Իրանի, որը խառնվում է այդ հարցերին»,- հավելել է «Ենի Ազերբայջան» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու սահմանների փոփոխման ցանկացած գաղափարի իրականացմանը. Աբդոլլահիան