«Չէինք հայտնաբերել». պաշտոնյաներն այս պատասխանն են տալիս հարցին, թե ինչպես է ահռելի չափեր ունեցող, մայրաքաղաքի բազմաթիվ վայրերից տեսանելի «Սատանայի անիվը» առանց թույլտվության հայտնվել «Հաղթանակ» զբոսայգում։
Հսկայական ատրակցիոնն այստեղ է արդեն մի քանի ամիս, բայց սրա մասին սկսեցին խոսել միայն վերջերս, երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նիստերից մեկում ենթականերին հարցրեց՝ տեղյա՞կ են արդյոք ապօրինի շինության մասին:
Ապօրինի տեղադրված այս ատրակցիոնը ոչ միայն տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից, այլև հենց «Հաղթանակ» զբոսայգին է տևական ժամանակ գովազդում այն: Այգու ֆեյսբուքյան էջում դեռ հուլիսին էին հայտնվում պտտվող անիվի լուսանկարները, հետո նաև տեսանյութերը։ Այստեղ նաև պրոֆեսիոնալ ֆոտոշութեր են իրականացվում։ Սակայն, ստացվում է՝ այս ամենը վրիպել է պատասխանատուների ուշադրությունից:
«Կառուցապատողն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է նշված կառույցի իրականացումը», - ասաց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը:
Ռուբեն Խոջոյանը մանրամասնում է՝ համայնքապետարանը 2021 թվականին նախագծման թույլտվություն է տվել։ Կառուցապատողը՝ զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ընկերությունն այդ նախագիծը պետք է ներկայացներ տարբեր գերատեսչությունների՝ համալիր փորձաքննությունների համար, դրական եզրակացություններից հետո իրենք նոր կկարողանային շինթույլտվություն տալ՝ սա, սակայն, չի եղել։
«Երբ որ արդեն իրավախախտման փաստն ի հայտ է եկել, մեր կողմից ծանուցում է ուղարկվել տվյալ կազմակերպության ղեկավարությանը, որպեսզի գան, ներկայանան ու հարուցված վարչական վարույթի շրջանակներում տան իրենց բացատրությունները և պարզաբանումները», - նշեց Խոջոյանը:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Ուրախ ժամանց»-ից, աշխատակիցները հայտնեցին՝ ղեկավարն արձակուրդում է ու բացի իրենից ոչ ոք չի կարող հարցերին պատասխանել։ Պարզաբանումների է սպասում նաև քաղաքապետարանը, իրենց էլ են նույն պատասխանը տվել՝ տնօրենը կվերադառնան Հայաստան, կբացատրի:
«Այս պահին ուղղակի իրենք Հայաստանում չեն գտնվում և ի պատասխան մեր ծանուցման, խնդրել են, որպեսզի լսումների օրը հետաձգենք, որպեսզի գան ներկայանան ու տան իրենց պարզաբանումները», - ասաց Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը:
Զբոսայգու տնօրենն այժմ Թորոս Ումրիկյանն է, նախկինում նրա հայրն է այգին ղեկավարել։ Հայրենական մեծ պատերազմից հետո «Հաղթանակ» զբոսայգի անվանափոխված այս տարածքում նախորդ դարի կեսերից են սկսել տարբեր ատրակցիոններ տեղադրել։ Երևանցիներին քաջ հայտնի արդեն հին «պտտվող անիվը» այստեղ է 80-ականների վերջից և 30 մետր բարձրություն ունի։
Դեռևս համապատասխան թույլտվություններ չունեցող նորը, որն իր «հարևանից» շատ ավելի մեծ է, տեղադրված է քիչ այն կողմ։ Գովազդներում այգու ղեկավարությունը խոստանում է այն երևանցիներին հանձնել շուտով, բայց հստակ ժամկետներ դեռ չկան։
«Ամեն ինչ պարզ կլինի ու կորոշվի նաև հետագա շահագործման գործընթացը ոնց է կազմակերպվելու», - նշեց Ռուբեն Խոջոյանը:
Թե ինչ ճակատագիր կունենա «Սատանայի անիվը», արդյոք կշահագործվի ու անվտանգ կլինի, պարզ կլինի իրականացվող վարչարարության ընթացքում, ասում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Կառույցն ամենայն հավանականությամբ չի ապամոնտաժվի։
Your browser doesn’t support HTML5