Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների և հսկող սարքավորումների միջոցով, և դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին, ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Հարցին, թե արդյո՞ք արդյունքները կարող են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Եվրամիության պաշտոնյան արձագանքել է, թե նախագահ Ալիևը «հստակ հասկացրել է՝ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով առնչվում է իրեն»։
«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջև կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաև կողմերի միջև վստահության ձևավորմանը», - հավելել է Կլաարը:
«Այժմ կարևոր է վերջնականապես շրջել թշնամության էջը, խուսափել նախկին սխալներից և դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջև՝ հանուն խաղաղ ապագայի», - հայտարարել է դիվանագետը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության դիտորդները հայ -ադրբեջանական սահմանը կդիտարկեն հաջորդ շաբաթվանից