Ապագայում Կիևը «վրացիներին փրկելուց» բացի, կփրկի նաև «Հայաստանը, Մոլդովան». Ալեքսեյ Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիևը «վրացիներին փրկելուց» բացի, կփրկի նաև «Հայաստանը, Մոլդովան»։

«Մենք պետք է փրկենք վրացիներին։ Փրկել Մոլդովան, Հայաստանը։ Բոլորին փրկել։ Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք պատերազմել են, հետխորհրդային տարածքում միշտ աշխատանք կգտնվի մոտ ապագայում», - հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ նկատի ունի «խաղաղապահներ, կայունացնող գործողություններ, մարդասիրական գործողություն»։

Արեստովիչը հերթական անգամ անդրադառնալով Վրաստանին՝ այդ երկրի կառավարությանն անվանել է «ռուսամետ, որը ունակ չէ որոշումներ կայացնելու, որը ոչնչացրել է այն ամենը, ինչը ստեղծել է Սաակաշվիլին»։

Ուկրաինայի նախագահի խորհրդականի, ինչպես նաև ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հայտարարություններ կոշտ արձագանք են հարուցել Վրաստանի քաղաքական դաշտում։ Մասնավորապես՝ Արեստովիչը անցած շաբաթներին հայտարարել էր, թե Վրաստանը «պատմական հնարավորություն ունի գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան», և որ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրությունների ժամանակ: